Փլեյբոյի Ապարանք, Լոս Անջելես, ԱՄՆ

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Լոս Անջելեսն այն տեղը չէ, որտեղ կարելի է զարմանալ շքեղ տներ տեսնելիս. ամեն քայլափոխին կարելի է տեսնել աստղային ապարանքներ, որոնց կահավորանքը հեռու է «խիստ անհրաժեշտության իրեր» բնորոշումից: Դրանց մեջ, սակայն, կա մեկը, ուր հրավիրվելու մասին երազում են հազարավոր տղամարդիկ ու կանայք: Այս տուն հրավիրվելը նշանակում է, որ կամ Դուք ընդունվել եք Կալիֆորնիայի «բարձր խավ», կամ Դուք այնքան շքեղ մարմին ունեք, որ շուտով դրանով հիանալու են միլիոնավոր մարդիկ աշխարհով մեկ: Ամեն դեպքում հրավերքն այս տուն նշանակում է, որ Դուք անմոռանալի գիշեր եք անցկացնելու մոլորակի ամենասեքսուալ տներից մեկում՝ Փլեյբոյի ապարանքում:

Տունը կառուցվել է 1927թ., ճարտարապետ Արթուր Ռ. Քելլիի կողմից: 1971թ. Փլեյբոյն այն գնել է ինժեներ, գիտնական, շախմատի մոլի երկրպագու Լուիս Դ. Սթեթհեմից $1.1 մլն-ով: 2011-ին տունը գնահատվել է $54 մլն.:

Տան տարածքում կա գինու մառան, խաղասենյակ, գազանանոց, կենդանիների գերեզմանոց, թենիսի դաշտեր, անձնական օգտագործման ջրվեժ և լողի գոտի: Վերջինս բացի հսկայական լողավազանից ներառում է նաև սաունա, բաղնիք, փոքրիկ քարանձավ ու բարբեքյուի տարածք:

2000-ից այս տանը համանուն ամսագրի հիմնադիր Հյու Հեֆների հետ ապրում են 18-28 տարեկան մի շարք մոդելներ: Նրանք Ամերիկայի «ամենացանկալի» աղջիկներն են: Հենց նրանց և իհարկե Հեֆֆի ջանքերի շնորհիվ է, որ այսօր Փլեյբոյի ապարանքն ասոցացվում է հեշտանքի ու թաքնված ցանկությունների հետ: Այնուամենայնիվ ինքը Հեֆֆն այլ կերպ է նայում հարցին. նրա համար իր ամսագիրը, ապրելակերպն ու այս տունը պարզապես մարդկային նորմալ գոյության եզրերից մեկի՝ սեքսի լավագույն դրսևորումն է:

Տունը հաճախ հայտնվում է բարձր հասարակության նորություններում. այստեղ նկարահանվում է Փլեյբոյի «նապաստակների» վարդագույն կյանքի մասին պատմող ռեալիթի ծրագիր, այստեղ է անցկացվում է արևակայության գիշերվա երեկույթը, աստղերի պոկերի առաջնություն, ու նույնիսկ աուտիզմի ուսումնասիրությանը խթանելուն նվիրված բարեգործական երեկո: Ապարանքի կողքին կանգնած է նրա փոքր կրկնօրինակը. այս տունը կառուցվել է, որ այստեղ ապրի Հեֆֆի նախկին՝ երկրորդ կինը՝ Քիմբերլի Քոնրադն իրենց ընդհանուր երեխաների հետ:

Հոդվածը Սոնա Գասպարյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ