Պետտեր Դասսի Թանգարան, Ալստահաուգ, Նորվեգիա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Նորվեգիա

2007 թվականին, Նորվեգիայում, Ալստահաուգի եկեղեցու կողքին բացվեց թանգարան՝ նվիրված 17-րդ դարի նորվեգացի հայտնի բանաստեղծ Պետտեր Դասսին։ Ալստահաուգ եկեղեցու մոտակայքը պատահական չէ ընտրվել որպես թանգարանի կառուցման վայր. Պետտեր Դասսը 1689-ից մինչև 1707 թվականը եղել է Ալստահաուգի եկեղեցու փոխերեցը։ Շինությունը կառուցվել է «Սնոհետտա» ընկերության ճարտարապետների նախագծով, որոնց ջանքերով էլ ստեղծվել է այս գերժամանակակից շենք։

Թանգարանի վայրի ընտրությունը բավականին բարդ էր, քանզի Ալստահաուգի եկեղեցու շրջակա տարածքը պատմական նշանակություն ունի։ Պատմական միջավայրի սկզբնական տեսքը պահպանելու համար «Սնոհետտայի» ճարտարապետները որոշեցին շրջապատող լանդշաֆտի մեջ կտրվածք անել, որը իր չափերով համապատասխանում է թանգարանի ձևին։ Թանգարանի ձևը ժայռաբեկոր է հիշեցնում, այդ պատճառով էլ այն նաև անվանում են թանգարան-ժայռաբեկոր։ Շենքի ընդհանուր մակերեսը 1350 քառ. մետր է։

Թանգարանի առաջին հարկում գտնվում է սրճարան և լսարան, երկրորդում՝ ցուցասրահ։ Շենքի կենտրոնական մասում ստեղծվել են սենյակներ, որոնք ծառայում են որպես գրադարան և աշխատասենյակներ աշխատակազմի համար։ Այս սենյակները կարծես թե կախված են առաստաղից։ Առաջին հարկի պատերը թափանցիկ են և նրանցից բացվում է տեսարան՝ դեպի մի քանի տասնյակ սանտիմետր հեռավորության վրա գտնվող կտրված լանդշաֆտը։ Երկրորդ հարկը համարյա ամբողջովին փակված է անթափանց պատերով, և միայն արևելյան ու արևմտյան կողմերի պատերն են ապակեպատ։

Թանգարանի արևելյան կողմի ապակյա պատը բացվում է դեպի եկեղեցին, իսկ արևմտյան կողմի պատուհաններից, որը հասնում է ընդհուպ մինչև ափը, տեսանելի է կապույտ ջուրը։ Ինչպես նշում է «Սնոհետտա» ճարտարապետական ընկերության կայքը, նման եղանակով նրանք փորձել են ստեղծել մի շինություն, որը, Պետտեր Դասսի ստեղծագործության նման, իր մեջ կմիավորի երկիրը և երկինքը, անցյալը և ներկան։

Ողջ շինությունը ունի բավական տարօրինակ կառուցվածք, բացարձակապես չի համապատասխանում շրջապատող լեռնային փոքրիկ եվրոպական գյուղակի միջավայրին և բոլորովին նման չէ թանգարանի, որը նվիրված է բանաստեղծ-եկեղեցականի։ Այս կառույցը ավելի շատ 21-րդ դարի ճարտարապետական ուղղությունների արգասիքն է, որոնք հակված են ստեղծելու կառույցներ` օգտագործելով բոլոր հնարավոր նորագույն տեխնոլոգիաները և ազատ ճարտարապետական ձևերը:

Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ