Պեմզաշենի Եկեղեցի, Պեմզաշեն, Հայաստան
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՀայաստանՇիրակի մարզի Պեմզաշեն գյուղի կենտրոնական մասում գտնվում է վաղ միջնադարյան եզակի եկեղեցական համալիր, որը բաղկացած է միմյանց կից կառուցված քրիստոնեական հուշարձաններից:
1970թ. պեղումների ժամանակ համալիրի հյուսիսային մասում բացվել են V դարի խոշոր միանավ բազիլիկ եկեղեցու բավական հաստ պատերի ստորին շարքերը: Համալիրի հարավային մասում գտնվում է փոքր միանավ թաղածածկ եկեղեցին, որը թվագրվում է VI դարին: Երկու բազիլիկների միջև կանգուն է կարմրավուն խոշոր սրբատաշ տուֆից կառուցված խաչաձև գմբեթավոր եկեղեցին (VI դ.): Եկեղեցին իր ճարտարապետական հորինվածքով առանձնանում է նմանատիպ գմբեթավոր խաչաձև եկեղեցիներից: Արտաքինից այն ուղղանկյունաձև է, այլ ոչ թե խաչաձև: Եկեղեցու միջին նիստի վրա կարելի է տեսնել շրջանի մեջ ներգծված հավասարաթև խաչը: Դահլիճը բաժանված է չորս գրեթե հավասար մասերի երեկ զույգ որմնասյուներով: Թմբուկով գմբեթը` եկեղեցու ևս մի տարբերակիչ առանձնահատկությունն է:
Եկեղեցու հարավ-արևելյան և հյուսիս-արևելյան անկյուններում կան ուղղանկյուն, եռահարկ, թաղածածկ թաքստոցներ: Եկեղեցու միակ մուտքը արևմտյան կողմից է: Մուտքի ճակատամասում քանդակված է Աստվածամայրը՝ մանուկ Քրիստոսը գրկին: Աստվածամոր գլխավերևում հրեշտակներ են պատկերված։ Պեմզաշենի եկեղեցական համալիրը հայ վաղ միջնադարյան ճարտարապետական արվեստի բացառիկ նմուշներից է:
Հոդվածը Նատալիա Ղուկասյանի, www.building.am