Գարնյե Օպերա, Փարիզ, Ֆրանսիա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ֆրանսիա

Օպերայի և բալետի աշխարհի ամենագեղեցիկ շենքերից մեկը՝ Գարնյե Օպերան (հայտնի է նաև որպես Պալլե Գարնյե, հնչ. ֆրանսերենից՝ Palais Garnier) անկասկած չէր կարող գտնվել որևէ այլ քաղաքում՝ բացի Ֆրանսիայի հիասքանչ մայրաքաղաքից: Այս հարուստ և ճոխ զարդարված շենքը Փարիզի խորհրդանիշներից մեկն է և աշխարհի ամենահայտնի օպերային շենքը: Գարնյեն Փարիզի օպերայի համար կառուցված թվով 13-րդ շենքն է: Անվանումը ստացել է շենքի ճարտարապետի՝ Շարլ Գարնյեի պատվին, որն այս շենքը կառուցելու համար հայտարարված մրցույթի հաղթող դառնալու պահին 35 տարեկան, քիչ հայտնի ճարտարապետ էր: Շենքը կառուցվել է 1860-1875 թթ.՝ որպես Նապոլեոն Երրորդի կողմից ներկայացված Փարիզի մեծ վերակառուցման պլանի մի մաս (Նապոլեոն III - Լուի Նապոլեոն Բոնապարտ՝ Ֆրանսիայի առաջին ուղիղ քվեարկությամբ ընտրված նախագահը 1848-1852թթ, կայսր՝ 1852-1870թթ ):

Փարիզյան օպերան գործում էր այս շենքում մինչև 1989 թ., երբ բացվեց ժամանակակից, ավելի ընդարձակ Բաստիլիայի օպերան: Այսօր Գարնյե Օպերայում հիմնականում ցուցադրվում են բալետային ներկայացումներ: Այս շենքում է տեղակայված նաև Փարիզյան օպերայի գրադարան-թանգարանը:

Շենքի կենտրոնական՝ հարավային ճակատամասը էկլեկտիկ ճարտարապետության հիասքանչ նմուշ է: Շենքի այս հատվածի վրա արված զարդանախշերն ու արձանները (ներառյալ տանիքին տեղադրված Ապոլլոնի արձանը) ստեղծվել են ավելի քան 80 հայտնի արվեստագետների կողմից: Գարնյե Օպերայի կենտրոնական ֆոյեն, շնորհիվ իր ճոխ զարդարանքի, հիշեցնում է Վերսալի Հայելային սրահը:

Գարնյե Օպերայի կարևորագույն հատկանիշներից մեկը դա կատարյալ համաչափությունն է՝ շենքի բոլոր հատվածներում: Շենքը կառուցվել է «Բոզար» (ֆր. Beaux-Arts) ճարտարապետական ոճով: Ներսում գերակայում է բարոկկո ոճը: Գարնյե Օպերաի ինտերյերը հիմնականում զարդարված է ոսկով և կարմիր թավիշով: Շենքի գրեթե ամեն անկյունում կարելի է գտնել արձաններ և նկարներ, որոնք պատկերում են տեսարաններ հունական առասպելաբանությունից և երաժշտական ալեգորիաներ:

Շենքի կենտրոնական աստիճանները ապշեցնում են իրենց վեհությամբ և առաստաղի զարդանախշերով: Գարնյեի երկթև աստիճանները ստեղծվել են գույնզգույն մարմարից: Օպերան ունի 1979 նստատեղ, իսկ նրա բեմն ու կուլիսները տեղավորում են ավելի քան 450 դերասան: Շենքի երկարությունը 155 մետր է, լայնությունը՝ 101, բարձրությունը՝ 56: Բազմաթիվ ընդարձակ սենյակները հնարավորություն են տալիս այցելուներին զբոսնել և զրուցել ընդմիջման ժամանակ:

Գլխավոր դահլիճի առաստաղից կախված է մոտ 7 տոննա քաշ ունեցող ջահ, որի շուրջ առաստաղը պատված է Մարկ Շագալի վրձնին պատկանող համեմատաբար նոր կտավով (1964թ.): Այն պատկերում է 14 հայտնի կոմպոզիտորների՝ Ադամի, Բերլիոզի, Բիզեի, Բեթհովենի, Դեբյուսիի, Գլյուկի, Մուսորգսկու, Մոցարտի, Վագների, Ռամոի, Ռավելի, Ստրավինսկու, Չայկովսկու և Վերդիի օպերաներից տեսարաններ:

Գարնյե Օպերան ոչ միայն Փարիզի ամենաշքեղ շինություններից մեկն է, այլ նաև Ֆրանսիական Երրորդ Կայսրության ժամանակաշրջանում ստեղծված ամենատպավորիչ կառույցներից մեկը: Այս շենքը, սակայն, հայտնի է ոչ միայն որպես ճարտարապետական կոթող, այլ որպես մի վայր, որտեղ տեղի են ունենում Գաստոն Լերուի «Օպերայի ուրվականը» վեպի իրադարձությունները: Գարնյե Օպերան էլ ավելի հայտնի դարձրած այս ստեղծագործությունը գրելու գաղափարը Լերույի մոտ արթնացրել է 1896 թ-ին տեղի ունեցած միջադեպից հետո, երբ շենքի գլխավոր սրահի ծանր ջահի հակակշիռներից մեկը ընկել էր այցելուներից մեկի վրա և սպանել նրան:

Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ