Մշակույթի և Գիտության Պալատ, Լեհաստան

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Լեհաստան

Մշակույթի և Գիտության Պալատ, Վարշավա, Լեհաստան

Վարշավայի Մշակույթի և գիտության պալատը (Pałac Kultury i Nauki) քաղաքի ամենաբարձր և, անկասկած, «ամենաքաղաքական» շինությունն է։ Շենքը կառուցվել է Սառը պատերազմի ժամանակաշրջանում որպես նվեր Խորհրդային Միությունից, երբ Երկրորդ աշխարհամարտից հետո Լեհաստանը հայտնվեց ԽՍՀՄ-ի ազդեցության տակ։ Ի սկզբանե, այն կոչվում էր «Ի.Վ.Ստալինի անվան մշակույթի և գիտության պալատ», քանի որ շինության կառուցման մտահղացման հեղինակը հենց ինքը Իոսիֆ Վիսարիոնովիչն էր։ Կառույցի շինարարությունը մեկնարկել է Ստալինի մահվանից մեկ տարի առաջ՝ 1952 թվականին և շարունակվել մինչեւ 1955թ.։ Զարմանալի չէ, որ քաղաքի բնակիչները, չնայած Մշակույթի եւ գիտության պալատի բացառիկ գեղեցկությանը, չեն սիրում այս շենքը, համարելով այն ԽՍՀՄ-ի կողմից իր հզորությունը և Լեհաստանի վրա խորհրդային ազդեցությունը ցուցադրելու փորձ։ Խորհրդային Միության փլուզումից հետո Լեհաստանում որոշ քաղաքական գործիչներ անգամ առաջարկում էին քանդել այս շինությունը, սակայն նրանց փորձերը հաջողությամբ չպսակվեցին։ Զարմանալի չէ նաև, որ որպես աջակցության նշան, 2013 թվականին Կիևում՝ Եվրոմայդանում «հակառուսական» կամ «եվրոպամետ» քաղաքական ցույցերին Լեհաստանը հենց Մշակույթի և գիտության շենքն էր լուսավորում ուկրաինական դրոշի գույներով։

Հայտնի ճարտարապետ Լև Ռուդնևի գլխավորությամբ մշակված նախագծի համաձայն, շենքը մայրաքաղաք Վարշավայում պետք է դառնար Խորհրդային Միության յուրօրինակ խորհրդանիշ: Այդ իսկ պատճառով շինությունը կառուցվել է «ստալինյան բարձրահարկերի» նմանությամբ և, չնայած պալատի գլխավոր ճարտարապետի ջանքերին օգտագործելու նաև լեհական ճարտարապետության տարրեր, այն անչափ նման է Մոսկվայի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքին, որի վրա նույնպես աշխատել է Ռուդնևը: Ռուդնևը օգտագործել է Մոսկվայի համալսարանի շենքը որպես նախատիպ այս Պալատի շինարարության համար։

Շենքի կառուցման համար օգտագործվել է ավելի քան 40 միլիոն աղյուս։ Կառույցի բարձրությունը 230,68 մետր է, այն վեր է հառնում շրջապատող բոլոր շինություններից՝ մտնելով Եվրամիության ամենաբարձր երկնաքերների տասնյակի մեջ։ Շենքի աշտարակի վրա տեղադրված ժամացույցը աշխարհի ամենաբարձրն էր համարվում մինչ վերջերս:

Ի սկզբանե, շինությունը նախատեսված էր որպես համալսարան, սակայն լեհական կառավարությունն ավելի հարմար համարեց օգտագործել այն որպես մշակույթի և գիտության կենտրոն։ Շենքի 42 հարկերը ունեն 3 000 սենյակներ, այդ թվում՝ նաև Լեհաստանի տարածքում ամենամեծ նիստերի դահլիճը։ Այս ընդարձակ շենքն այսօր ներառում է տարբեր կազմակերպությունների գրասենյակներ, կինոթատրոններ, թանգարաններ, գրադարաններ, ինչպես նաև Լեհական գիտությունների ակադեմիան։ 30-րդ հարկում գտնվում է դիտահարթակ, որտեղից բացվում է մայրաքաղաքի գեղեցիկ համայնապատկերը։

Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ