Միլիոն Աստղանի Հյուրանոց, Գերմանիա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Գերմանիա

Միլիոն Աստղանի Հյուրանոց, Բադ-Քիսսինգեն, Գերմանիա
Համոզված եմ, առաջին բանը, որ կարող է ձեր մտքով անցնել, այն է, որ հանդիպել եք աշխարհի ամենաթանկ ու բարձրարժեք հյուրանոցը, որի բարձր կարգն ընդգծելու համար աստղաբույլն էլ նույնիսկ քիչ է: Բայց արի ու տես, որ առաջին տպավորությունը խափուսիկ է. սա ամենապարզ ու ամենահասարակ հյուրանոցներից է՝ զուրկ պարզագույն հարմարավետություններից: Իսկ «Միլիոն աստղ» անվանման տակ թաքնված է ոչ թե հյուրանոցի կարգը, այլև այն եզակի հնարավորությունը, որն ընձեռնվում է ձեզ՝ գիշերը լուսացնել աստղազարդ երկնքի տակ, բացօթյա դաշտում՝ սեփական հյուրանոցային համարից (եթե այն, իհարկե, կարելի է այդպիսին համարել) ըմբոշխնելով գիշերային թագավորության հեքիաթային արարածներին՝ երկնային լուսատուներին:

Իսկ նման նախագծի իրականացման համար պարտադիր չէ լինել նշանավոր ճարտարապետ կամ դիզայներ, այլ պարզապես պետք է ծնված լինել երջանիկ աստղի տակ:

Այս «անշարժ գույքի» սեփականատերը՝ 42-ամյա Մոնիկա Ֆրիցը, հենց վերը նշվածներին է պատկանում: Այս ծիծաղելի հյուրանոցը գտնվում է ցորենի դաշտում՝ Բադ-Քիսսինգեն կուրորտային քաղաքից ոչ շատ հեռու, Բավարիայում: Ճարտարապետական տեսանկյունից այս հյուրանոցն իրենից բարդ կառույց չի ներկայացնում. այն զուրկ է պատերից և առաստաղից, իսկ որպես հիմք ծառայում է հենց դաշտը: Իսկ ցորենի հասկերն այնպես են հնձված, որ տան ուրվագիծ են պատկերում: Հենց այդ «տան» ներսում էլ գտնվում է մահճակալը: Նա նաև անցքեր է փորել՝ նախատեսված ճաշարանների և զուգարանների համար: Միայն ես մի մտահոգություն ունեմ, այն է՝ մոծակներն ու խավարասերները, որոնցից ահավոր խորշում եմ: Իսկ մնացածի վրա կարելի է աչք փակել, օրինակ, որ խոհանոցն ու զուգարանը չեն համապատասխանում սանիտարահիգիենիկ չափորոշիչներին, որ բացօթյա դաշտում պատրաստվող սնունդը ոչ թե հմուտ խոհարարի ձեռքի գործն է, որը կարող է զարմացնել իր անկրկնելի ուտեստներով ու աղցաններով, այլ հասարակ աշխատակցի՝ տնական ջեմերով, թարմ մրգերով, ինչպես նաև գերմանական տարբեր հացահատիկային սորտերի հացով:

Բաց մի՛թողեք այս արտառոց հնարավորությունը շնչելու անապակ օդն ու ցորենի արտի զգլխիչ բույրը, վայելելու բացօթյա գեղջկական հանգիստն՝ ծախսելով ընդամենը 3-7 եվրո մեկ օրվա համար:

Ի միջի այլոց, հյուրանոցը ձեր տրամադրության տակ է միայն մինչև օգոստոսի 15-ը, երբ դեռ բերքահավաքը չի սկսվել: Իսկ տոմսերն անհրաժեշտ է նախօրոք պատվիրել, քանզի, զարմանալի է, բայց փաստ, հանգստացողների մեծ հոսք է նկատվում այստեղ:

Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ