Առողջության և Բուժօգնության Կենտրոն, Օրեգոն, ԱՄՆ
Ի՞նչ է LEED ՀավաստագրումըԱռողջության և Բուժօգնության Կենտրոն, Փորթլենդ, Օրեգոն, ԱՄՆ
Օրեգոնի Առողջության և գիտության համալսարանի Առողջության և բուժօգնության կենտրոնի (Center for Health and Healing of Oregon Health & Science University - OHSU) հատակների ընդհանուր մակերեսը 38,300 քառակուսի մետր է: Աշխարհահռչակ տասնվեցհարկանի բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքները սկսվել են 2003 թվականին և ավարտվել 2006-ին: Շենքի գլխավոր կապալառուի դերում հանդես է եկել «Հոֆֆման Քընսթրաքշըն» (Hoffman Construction) ընկերությունը:
Այն ամենամեծ բժշկական հաստատությունն է ԱՄՆ-ում, որն արժանացել է LEED Պլատինե հավաստագրման (2007 թվականի փետրվար): Սաութուեսթ Բոնդ պողոտայում գտնվող շինությունը ներառում է ոչ միայն տարածքներ վիրահատարանների, կենսաբժշկական հետազոտությունների և բժշկական պրակտիկայի համար, այլև ֆիթնեսի և հետազոտությունների կենտրոններ, դեղատուն և սրճարան: Առողջության և բուժօգնության կենտրոնը կառուցվել է «Ջի- Բի-Դի Արքիթեքթս» (GBD Architects) ընկերության նախագծով:
Էկոլոգիապես մաքուր շինությունը, որի սեփականատերը «ՌԻՄԿՈ» ընկերությունն է (RIMCO - բժիշկների և Առողջության և բուժօգնության կենտրոնի բաժնետիրություն), աչքի է ընկնում «կանաչ» շենքերին հատուկ այնպիսի կարևոր գործոններով, ինչպիսիք են բնական օդափոխության, տաքացման ու զովացման համակարգերը, էլեկտրականություն արտադրող հինգ միկրոտուրբինները, էլեկտրականության ծախսերի տարեկան երեք միլիոն դոլարի խնայողությունը, արևային ջերմային համակարգը` տաք ջուր մատակարարելու համար, ածխաթթու գազի արտանետումների կրճատումը, նյութերի վերամշակումը, օդի բարձր որակը շենքի ներսում և այլն: Օդորակման համակարգն արդյունավետ կերպով փոխարինվում է պասիվ զովացման համակարգով: Հավաքված անձրևաջրերը կրկին օգտագործվում են ինչպես շենքի կարիքների, այնպես էլ շրջակա կանաչ տարածությունը ոռոգելու համար:
Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am