Բիզնես-Կենտրոն 1000, Կաունաս, Լիտվա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Լիտվա

Բիզնես-կենտրոն 1000-ը կամ Թղթադրամ շենքը, որը գրասենյակային վարձակալական տարածքներ է տրամադրում, գտնվում է Լիտվայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Կաունասում, որը պատմականորեն Լիտվայի տնտեսական, գիտական և մշակութային կյանքի առաջատար կենտրոնն է եղել: Այստեղ պահպանվել են մի շարք ճարտարապետական հուշարձաններ, այդ թվում՝ Կաունասի ամրոցը, Սուրբ Միքայել Հրեշտակապետ եկեղեցին, Կաունասյան բերդը, Պերկունասի տունը և այլն: Թղթադրամի տեսքով ֆասադ ունեցող այս շենքը հանրության առաջ իր դռները բացեց 2008-ին: Նախագիծը, գաղափարն ու այն կյանքի կոչելն ամբողջությամբ պատկանում է RA Studio-ին՝ երիտասարդ և մինչ այդ անհայտ ճարտարապետ Ռիմաս Ադոմայթիսի ղեկավարության ներքո, ով հետաքրքիր ձևերի և նոր տեխնոլոգիաների համադրության սիրահար է: Ակնհայտ էր, որ ժամանակակից տեսքով այս կառույցն աններդաշնակ կլիներ Կաունասի հին շենքերի հետ, ուստի 1000 լիտ արժեքով կառույցը որոշվեց կառուցել քաղաքի արվարձաններում: Ի թիվս վերը նշված պատմական շենքերի այս ժամանակակից դիզայնով շենքը նույնպես ունի իր առաքելությունը, այն է՝ Լիտվայի անդամակցությունը ԵՄ-ին 2004 թ-ին: Այն ամբողջովին կահավորված և բոլոր անհրաժեշտ պայմաններով հագեցած բիզնես-կենտրոն է՝բաղկացած A դասի գրասենյակներից ու առավել համեստ տարածքներից: Այս եզակի կառույցը համարվում է "Բալթյան տարածաշրջանի ամենահամարձակ և ամենաօրիգինալ շինարարական նախագծերից մեկը": Իսկ շենքի ճակատային մասին դրոշմվածը վաղուց արդեն գործածությունից դուրս եկած. դա 1926 թ-ին թողարկված 1000 լիտ արժեքով թղթադրամ է: Համաձայն նախագծի այս տասը հարկանի շենքի ֆասադը բաղկացած է տարբեր չափի և ձևի 4500 ապակե սալիկներից, որն էմալեպատ նկարներով իրական փազլ է իրենից ներկայացնում: Ապակին պատրաստված է Նիդերլանդներում և այն կարող է դիմակայել Լիտվայի նույնիսկ առավել կատաղի եղանակներին: Շենքը վարձակալում են երկու խոշոր բանկեր՝ Snoras Bankas և SEB, և ըստ նրանց առավել լավ տարբերակ բանկային շենքի համար նրանք չէին էլ կարող պատկերացնել:

Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am

Լուսանկարները՝ www.liveinternet.ru


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ