Նոր Դար, Չենդու, Չինաստան

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Չինաստան

Եթե ցանկանում եք տեսնել այս պահին աշխարհում ամենամեծ շենքը, ապա պետք է մեկնեք չինական Չենդու քաղաքը՝ Սիչուան նահանգի կենտրոնը։ Չենդուի բնակչությունը հասնում է 14 միլիոնի։ Վերջին մի քանի տարիներին քաղաքն ապրում է ճարտարապետական բուռն զարգացում, ինչի շնորհիվ կառուցվել են բազմաթիվ նոր կառույցներ։ Պատահական չէ, որ հենց այստեղ է ընդամենը երեք տարվա ընթացքում կառուցվել մի հսկայական շինություն, որը կրում է «Նոր դար» գլոբալ կենտրոն անվանումը։ Շինության որոշ մասեր բացվել են դեռևս 2013 թվականի սկզբին, սակայն շենքի հանդիսավոր, բայց համեստ բացումը տեղի ունեցավ նույն թվականի ամռանը։

Այս հսկայական շենքի ընդհանուր մակերեսը կազմում է 1,76 միլիոն քառակուսի մետր։ Իր չափերով շենքը երեք անգամ մեծ է Պենտագոնից. բարձրությունը 100 մետր է, լայնությունը՝ 400, իսկ երկարությունը՝ 500 մետր։ Շենքն ունի 18 հարկ և այն գրեթե ամբողջովին կառուցված է մետաղից և ապակուց։

Շենքի մոտ 400 հազար քառակուսի մետրը օգտագործվում է որպես առևտրի կենտրոն։ Այստեղ կարելի է գտնել ամենաբազմազան մշակույթաժամանցային տարածքներ, սկսած ակվապարկից մինչև 14 դահլիճներ ունեցող կինոթատրոն կամ համալսարանական համալիր։ Շենքում տեղակայված են նաև գրասենյակներ, խորհրդակցությունների դահլիճներ, հյուրանոցներ, ռեստորաններ և այլն։

Կառույցի շինարարությունը մեկնարկել է չինական գործարար Դենգ Հոնգի ջանքերի շնորհիվ, որը սակայն մինչև շենքի պաշտոնական բացումը ձերբակալվել է կաշառակերության մեղադրանքով։

Շենքի ձևավորումը կատարվել է ծովային թեմաներով։ Տանիքի և պատերի ձևը հիշեցնում է ծովի ալիք։ Ներսում ևս ծովային մոտիվները շարունակվում են: «Նոր դար» գլոբալ կենտրոնի ամենանշանակալից ժամանցավայրը, Paradise Island ակվապարկն, ունի արհեստական լողափեր, որտեղ կարելի է տեսնել արհեստական արևամուտ կամ արևածագ։ Շենքն ունի անգամ արհեստական արև, որը միաժամանակ և՜ լուսավորում է, և՜ տաքացնում է։ Երեկոները ջրի վրա բարձրացվում է բեմահարթակ համերգների համար։

«Նոր դար» գլոբալ կենտրոնի շենքը վկայում է մարդու անսահման երևակայության մասին։ Այն ամբողջովին համապատասխանում է «Նոր դար» անվանմանն իր գերարդիականությամբ։ Այս շենքը ժամանակակից ճարտարապետության աննախադեպ առաջընթացի օրինակ է և այսօրվա Չինաստանի բարգավաճման խորհրդանիշներից:

Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ