Ազգային Թատրոն, Վարշավա, Լեհաստան

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Լեհաստան

Վարշավայի ազգային օպերային թատրոնը, ինչը հայտնի է նաև Մեծ թատրոն անվանումով (լեհ.՝ Teatr Wielki – Opera Narodowa), հիմնադրվել է գրեթե երկու հարյուրամյակ առաջ։ Թատրոնի շենքը կառուցվել է 1825-1833թթ. իտալացի հայտնի ճարտարապետ Անտոնիո Կորացիի նախագծով։ Թատրոնի բացումը կայացավ 1833 թվականի փետրվարի 24-ին։ Այդ նույն օրը ներկայացված օպերան Ռոսինիի «Սևիլյան սափրիչն» էր։

1939 թվականին շենքը ենթարկվեց ուժեղ ռմբակոծության և գրեթե ամբողջովին ավերվեց։ Հենց այս շենքի ավերակներում էին գերմանացիները գնդակահարում լեհերին՝ Վարշավյան ապստամբության ժամանակ։ Սակայն հետպատերազմյան տարիներին շենքը ոչ միայն վերականգնվեց, այլև ընդարձակվեց`ըստ Բոհդան Պնևսկու նախագծի։ Շենքը նորից իր դռները բացեց հանդիսատեսի առաջ 1965 թվականին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին անվնաս էր մնացել միայն շենքի ճակատային մասը։ Այն եռահարկ է։ Երկրորդ հարկը զարդարված է սյուներով, իսկ 2002 թվականին նրա վրա ավելացվել է Ապոլոնի քառաձի մարտակառքի արձանը։ Շենքի ճակատային մասում նման արձան տեղադրել ցանկանում էր ինքը՝ Կորացին, սակայն նա հնարավորություն չուներ իրականացնել այդ մտահղացումը, քանի որ նրա ժամանակներում Լեհաստանը գտնվում էր Ռուսաստանի կայսր Նիկոլայ Առաջինի տիրապետության տակ, ով չէր ցանկանում, որպեսզի լեհական ազգային օպերան Սանկտ Պետերբուրգի շենքից ավելի գեղեցիկ լիներ։

Վարշավյան օպերայի շենքը վերակառուցումից և ընդլայնումից հետո իր ճարտապետության մեջ միավորում է կլասիցիզմի, մոդեռնիզմի, էկլեկտիկայի և արտ-դեկոյի տարրեր, որոնք համաչափ միախառնվում են միմյանց հետ, այդ հսկայական շենքի ամեն մի սանտիմետրին տալով մանրամասն մտածված ոճ և գեղեցկություն։ Թատրոնի ղեկավարությունը ջանում է համապատասխան բազմազանություն դրսևորել նաև օպերայի մշակութային ծրագրում, որպեսզի պահպանվի կապը մշակույթի ժամանակակից և դասական ճյուղերի միջև։

Շենքի ներսում առանձնահատուկ տպավորում է գլխավոր ճեմասրահի հատակի խճանկարը՝ պատրաստված բազմերանգ փայտից, որը հնարավորություն է տվել ստեղծել հիասքանչ պատկերներ` առանց արհեստական գույների օգտագործման։ Շենքի առաջին հարկում գտնվում է Լեհաստանի միակ թատերական թանգարանը։

Ազգային թատրոնը հատկապես զարմացնում է իր չափերով։ Պահանջվում է ավելի քան 15 րոպե, որպեսզի մի ամբողջ պտույտ կատարես շենքի շուրջ։ Սա Եվրոպայում ամենամեծ օպերային թատրոններից մեկն է։ Շենքում գտնվում են նաև էկզոտիկ ռեստորաններ, որոնց մուտքը միայն արտաքինից է։ Թատրոնը համարվում է Վարշավայի գլխավոր խորհրդանիշերից մեկը։

Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ