Ազգային Թատրոն, Պրահա, Չեխիա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՉեխիաՎլտավա գետի ափին գտնվում է Չեխիայի կարևորագույն ճարտարապետական հուշարձաններից մեկը՝ Ազգային թատրոնի շենքը (Národní divadlo), որը կառուցվել է դեռևս Ավստրո-հունգարական կայսրության ժամանակ։ Ազգային թատրոնի պաշտոնական կայքէջը նկարագրում է այն որպես «չեխ ժողովրդի ազգային ինքնագիտակցության ձգտման և անկախության խորհրդանիշ»։ Չեխ ժողովրդի ազգային զարթոնքի այս խորհրդանիշը կառուցվել է ժողովրդական նվիրատվությունների շնորհիվ։ Շինարարության կարգախոսն էր՝ «Ազգն ինքն իրեն» (Národ sobě) արտահայտությունը: Այս կարգախոսը, որն այժմ էլ գրված է գլխավոր բեմահարթակի վերևում, պատահական չի ընտրվել՝ շենքը պետք է դառնար առաջին թատրոնի շենքը, որտեղ ներկայացումներն անց էին կացվելու չեխերենով։ Ուշագրավ է, որ «ժողովրդի համար» սկզբունքը գործում է նաև հասարակ քաղաքացիների նստելատեղերի դեպքում: Նրանց նստելատեղերը գտնվում են գլխավոր դահլիճի կենտրոնական հատվածում, մինչդեռ ազնվականների համար նախատեսված պատշգամբները կողքային հատվածներում են:
Թատրոնը կառուցվել է 1867-ից մինչև 1881 թվականը։ Նրա ճարտարապետը Յոզեֆ Զիտեկն էր, սակայն բացումից ընդամենը երկու ամիս անց շենքը շատ ուժեղ վնասվեց հրդեհից։ Թատրոնի վերակառուցմանը ձեռնամուխ եղավ Զիտեկի սանը՝ Յոզեֆ Շուլցը։ Շենքի կրկնակի բացումը տեղի ունեցավ 1883 թվականին։ Դժվար է պատկերացնել, որ 19-րդ դարի վերջին ժամանակակից տեխնոլոգիաների բացակայության պայմաններում այդպիսի կարճ ժամանակահատվածում հնարավոր էր վերակառուցել նման ծավալուն և գեղեցիկ շենք։
Թատրոնի շենքը գտնվում է Վլտավա գետի ափին՝ Պրահյան Գրադի մոտակայքում։ Այս քարե մոխրագույն շենքը ունի ձվաձև կապույտ գմբեթ, որը զարդարված է մեծ թագով։ Ոսկե լայնազանգված թագը առանձնանում է շենքի մոխրագույն ֆոնի վրա։ Շենքի համեստ նրբագեղության ու ոսկե թագի ազդեցիկ հակադրությունը շենքին տալիս է ազնվականական տեսք։ Շենքի ճակատը զարդարում են մուսաների և Ապոլոնի արձանները։ Կողքային մուտքի վերևում տեղադրված են Օպերայի և Դրամայի ալեգորիկ արձանները:
Շենքը կառուցված է եվրոպական նեոռենեսանսի լավագույն ավանդույթներով, սակայն ներքին դեկորացիաներում նկատելի է նաև սլավոնական առասպելաբանության ազդեցությունը: Առաստաղը նկարազարդված է ութ «Արվեստների այլաբանություններով», որոնք ստեղծել է գեղանկարիչ Ֆրանտիշեկ Ժենիշեկը։ Թատրոնի ինտերիերը շքեղ հարդարված է ոսկով, թավիշով ու հսկայական ջահերով։ Թատրոնն ունի մի քանի բեմեր, որոնց վրա բեմադրվում են օպերային, դրամատիկ և բալետային ներկայացումներ:
Պրահայի ազգային թատրոնը ոչ միայն ազգային վերածննդի խորհրդանիշ է, այլև՝ քաղաքի ամենագեղեցիկ շինություններից մեկը։
Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am