Ազգային Թանգարան, Պրահա, Չեխիա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Չեխիա

Պրահայի Վացլավյան հրապարակում տեղի են ունեցել այս երկրի համար ճակատագրական նշանակություն ունեցող բազմաթիվ իրադարձություններ։ Այստեղ բազմիցս կազմակերպվել են ցույցեր, տոնակատարություններ և շքերթներ, տեղի ունեցել հեղափոխություններ։ Պատահական չէ, որ չեխ ժողովրդի համար խորհրդանշական շենքերից մեկը գտնվում է հենց այս հրապարակում։ Ազգային թանգարանի գլխավոր շենքը (Národní muzeum) և նրա առաջ տեղադրված Չեխիայի հովանավոր սուրբ Վացլավի հուշարձանը զարդարում են հրապարակն ու միաժամանակ խորհրդանշում են մի շարք կարևորագույն պատմական իրադարձություններ։

Շենքը կառուցվել է նեոռենեսանսի ոճով, Յոզեֆ Շուլցի նախագծի համաձայն, 1885-ից մինչև 1890 թվականներին, երբ չեխ ժողովուրդը ազգային զարթոնք էր ապրում։ Թանգարանի շենքի շինարարության ժամանակ չեխ ժողովուրդը չուներ սեփական պետականություն, և շենքը դարձավ ազգի անկախության խորհրդանիշը, մի վայր, որտեղ պահպանվում են չեխական ազգային մշակույթի գանձերը։

Մեծ կլոր գմբեթով պսակված շենքի բարձրությունը 70 մետր է։ Ճակատային մասն ունի 100 մետր երկարություն և զարդարված է կամարներով։ Նրա վրա տեղադրված է քանդակների կոմպոզիցիա, որը ներառում է գահին նստած Բոհեմիային, աղջկա, որն անձնավորում է Վլտավա գետը, և Էլբա գետը անձնավորող ծերունու։ Կողային աշտարակները զարդարված են այլաբանական կերպարներով, որոնք մարմնավորում են տարբեր գիտություններ։ Շենքի ճակատային մասը տուժել է 1945 թվականի մայիսի 7-ի գերմանական ռմբակոծության հետևանքով և ավելի ուշ վերանորոգվել է։

Նախասրահը զարդարված է երկշարք կամարներով։ Առաստաղները նախշազարդված են հարուստ կաթոլիկ եկեղեցիներից ոչ պակաս շքեղ։ Նույնպես շքեղ զարդարված նախասրահը ունի ընդարձակ գեղեցիկ սանդուղք, որը զարդարված է զանազան չեխական դղյակների և ճարտարապետական այլ հուշարձանների նկարներով։ Սանդուղքը տանում է թանգարանի Պանթեոն, որտեղ գտնվում են հանրաճանաչ չեխերի արձաններ ու կիսանդրիներ։ Թանգարանում ցուցադրված են տարբեր ցուցանմուշներ, այդ թվում՝ կենդանաբանական, մարդաբանական, հանքաբանական հավաքածուներ։ Այստեղ գործում է նաև գրադարան, որն ունի 1,3 միլիոն հատոր գիրք հավաքածու։

Այս շենքն այնքան գեղեցիկ է և վեհ, որ խորհրդային զինվորները 1968 թ. կարծել են, թե այն խորհրդարանի շենքն է և գնդակոծել են այն։ Պրահայի ազգային թանգարանը միաժամանակ և ամենահին, և ամենամեծ թանգարանն է Չեխիայում։ 2011 թվականին շենքը փակվել է վերանորոգման նպատակով։

Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ