Ազգային Գրադարան, Մինսկ, Բելառուս

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Բելառուս

Ադամանդը բնության գոհարների առաջնորդն է, իսկ Բելառուսի Ազգային գրադարանն ադամանդի տեսքով խորհրդանշում է գիտելիքների այն անսահման պաշարը, որ ամփոփված է գրքերում: Շենքը գտնվում է Բելառուսի մայրաքաղաք Մինսկի արևելյան մասում: Սա աշխարհի ամենամեծ գրադարաններից մեկն է: Նախագծի ճարտարապետներն են հանդիսանում Միխայիլ Վինոգրադովն ու Վիկտոր Կրամարենկոն, և այն հանրությանն է ներկայացել 2006թ-ի հունիսի 16-ին: Շենքն իրենից ներկայացնում է «ռոմբոկուբոօկտաէդր» (rhombicuboctahedron՝ արքիմեդյան մարմին, 8 եռանկյունի և 18 քառակուսի կողմերով) 73,6 մ (23 հարկ) բարձրությամբ: Շինության հատակների ընդհանուր մակերեսը 112,6 հազար մ ² է, այդ թվում, գրապահոցները զբաղեցնում են 54,9 հազար մ ² մակերես: Շինարարությունը սկսվել է 2002թ.-ի նոյեմբերի 1-ին: Այս բազմանիստը Բելառուսի հիմնական տեղեկատվական և մշակութային կենտրոնն է: Շենքի լուսավորությունը, որն իրենից ներկայացնում է հսկայական՝1985մ ² մակերեսով գունավոր էկրան (մեդիաֆասադ՝ LED կլաստերների հիման վրա), եզակի է իր անընդհատ փոփոխվող օրինաչափություններով ու պատկերներով, որի պերճությունը կարելի է վայելել մայրամուտից մինչ լուսաբաց: Գունային փոփոխման համակարգը մշակված է Walter Industries կազմակերպության, GVA Lighting, Inc. դուստր ընկերության կողմից: Եվ ահա արդյունքը. այն տեսանելի է մի քանի կիլոմետրից և որպես անմար փարոս խորհրդանշում է Մինսկը: Շենքի շահագործումից քիչ հետո ասեկոսեներ տարածվեցին, թե այն գտնվում է ճահճոտ տարածքի վրա և հիմքում նստվածքներ են հայտնաբերվել: Մասնավորապես, գլխավոր ինժեները հրապարակեց, որ շենքն իր 115,000 տոննա քաշով (երկու անգամ ավեի, քան Օստանկինոյի աշտարակը) 5 սմ նստվածք է տվել, իսկ 20.000 տոննա քաշով գրքերի ներկրելուց հետո նստվածքը կավելանա ևս 8-10 մմ-ով:

Վիրտուալ ընթերցասրահն ապահովում է գրապահոցներից օգտվելու հեռակառավարվող հնարավորություն: Այս բյուրեղի տարբեր սրահներում անցկացվում են բազմաթիվ մշակույթային միջոցառումներ: Ամեն օր գրադարանն այցելում են ավելի քան երկու հազար այցելու:

Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ