Պարկուճներից Աշտարակ Նակագին, Տոկիո, Ճապոնիա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ճապոնիա

1950- ականների վերջին մի խումբ երիտասարդ ճարտարապետներ և դիզայներներ համախմբվում են մի ուղղվածության շուրջ, որը հայտնի է "մետաբոլիզմ" անունով: Վերջինիս հիմքում ընկած է մոդուլային մոտեցումը, բարձր հարմարվողականությունը և ամենակարևորը՝ շենքի վերակառուցման և նրա բաղադրիչների փոխարինման հնարավորությունը՝ համաձայն կյանքի փոփոխվող պահանջների: Այն հնացած է համարում ավանդական օրենքներով սահմանված ճարտարապետությունը: 1972-ին կառուցված Նակագին աշտարակը մոդուլային «մետաբոլիկ» ճարտարապետության առաջին և լավագույն օրինակն է: Ճարտարապետ Կիսյո Կուրոկավայի նախագծված 14 հարկանի պարկուճային (կապսուլային) շենքը բաղկացած է 140 անհատական հավաքովի մոդուլներից, որոնցից յուրաքանչյուրը մի առանձին բնակարան կամ գրասենյակ է 2.3մ×3.8մ×2.1մ չափերով: Յուրաքանչյուր տուն-պարկուճ, որն ենթադրաբար փոխարինվելու հնարավորություն ունի, միացված է երկու հիմնական բետոնե միջնասյուներից մեկին չորս բարձր լարվածության հեղույսներով: Չնայած իր «մետաբոլիկ» էությանը, կառուցման օրվանից այս շենքը դեռ ոչ մի փոփոխության չի ենթարկվել: Սենյակ-կապսուլան նախատեսված է մեկ անձի համար և ունի փոքր կլոր պատուհան, մահչակալ, լոգարան, հեռուստացույց, ռադիո և անգամ զարթուցիչ: Ամեն մի այսպիսի մոդուլ նախապես հավաքվում է գործարանում, ապա շինհրապարակում վերամբարձ կռունկի միջոցով բարձրացվում է և ամրացվում բետոնե հիմնասյանը: Նակագին աշտարակը 1996թ.-ից ընդգրկվել է Միջազգային DOCOMOMO International կոմիտեի համաշխարհային ժառանգության ցանկում (DOCOMOMO International - Միջազգային աշխատանքային խումբ, որը զբաղվում է ճարտարապետության նորարարական ոճերով կառուցված շենքերի, տեսարժան վայրերի և տարածքների փաստաթղթավորմամբ և պահպանությամբ): 2007 թվականի ապրիլի 15-ին այս աշտարակի բնակիչները, դժգոհելով բնակության ծանր պայմաններից, քվեարկում են շենքի քանդման ու այն ավելի ընդարձակ և ժամանակակից կառույցով փոխարինելու օգտին: Կուրոկավան առաջարկում է վերակառուցել շենքը օգտագործելով իրեն հարազատ "մետաբոլիկ" փիլիսոփայությունը, դրանով իսկ պահպանել երկար տարիների արդյունքում ստեղծված իր գլուխգործոցը և միաժամանակ չհրաժարվել իր փիլիսոփայական սկզբունքներից: Վերակառուցման ծրագրին են աջակցել Ճապոնիայի խոշոր ճարտարապետական միությունները, այդ թվում նաև Ճապոնիայի ճարտարապետության ինստիտուտը:

Շենքի գոյատևումը դեռ հարցականի տակ է, բայց հետաքրքիրն այն է, որ "մետաբոլիզմի" գաղափարախոսությունը դեռ մեծ հետաքրքրություն և աջակցություն է վայելում այսօրվա հասարակությունում:

Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am

Լուսանկարները՝ www.architecturalmoleskine.blogspot.com


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ