Տուն-Սունկ, Ցինցինատի, ԱՄՆ

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Տուն-Սունկը կամ Տուն-Ծառը գտնվում է Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքում: Ճարտարապետ Թերի Բրաունի երևակայությունը իրականություն է դառնում 2006-ին, տասնչորս երկարատև տարիների շինարարությունից հետո: Այս շենքը գտնվում է Հայդ Պարկում, քաղաքի հեղինակավոր և թանկարժեք թաղամասում, Էրի և Տարպիս եռուն փողոցների խաչմերուկին: Թերի Բրաունը Ցիցինատի համալսարանի ճարտարապետության և ինտերիեր-դիզայնի Ֆակուլտետի պրոֆեսոր էր: Տան շինարարական աշխատանքների իրականացման գործում Թերիի ուսանողները նույնպես զգալի մասնակցություն են ունեցել: Կառույցը բավականին մեծ է, որի պատճառով դրան շատ անգամ Տուն-Ծառ են կոչում: Սակայն, տունն իր արտաքին տեսքով նման է թե՛ սունկի, թե՛ ծառի, թե՛ մարդու գլխի, թե՛բունգալոյի և թե՛ ջրաղացի: Ոչ պակաս հետաքրքիր է այն, որ պատերը պատրաստված են փայտից, գունավոր ապակուց, խեցիներից և այլ բնական նյութերից: Շինության կրող կառուցվածքն ու պատշգամբը պողպատյա են: Այս արտասովոր տան ինտերիերը բավականին հարմարավետ է: Այստեղ դուք կարող եք տեսնել բազում լամպեր և ջահեր, որոնց շնորհիվ լույսի տաք շողերը մեղմորեն սփռվում են տան ողջ տարածքով մեկ: Տունն ունի բազմաթիվ փոքր շրջանաձև և կիսալուսնաձև պատուհաններ, որոնք նման են նավախցիկի փոքր պատուհանների: Սունկը նաև հարմարավետ բակով է օժտված: Դուք կարող եք մի հիասքանչ տեսարանի ականատես դառնալ, երբ մայրամուտին տունը սկսում է պարզապես շողարձակել ու փայլփլալ: Այս առանձնատունը ծառայում էր Թերի Բրաունին որպես երկրորդ տուն: Սակայն պրոֆեսորը շատ կարճ վայելեց իր ստեղծած գլուխգործոցը, մինչ իր մահը՝ 2008 թվականը: Մահվանից որոշ ժամանակ անց Թերիի 14 տարվա տաժանակիր աշխատանքը հանվեց վաճառքի՝ ընդհամենը 525.000 ԱՄՆ դոլարով: Տուն-Սունկը հանդիսանում է Ցիցինատիի լավագույն տեսարժան վայրերից մեկը, իսկ շատերը համարում են այն քաղաքի խորհրդանիշ: Տուն-Սունկն իր ուրույն և վառ տեղն ունի աշխարհի ամենայուրահատուկ և ծիծաղելի կառույցների շարքում:

Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ