Լեհաստանի Հրեաների Պատմության Թանգարան
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ԼեհաստանԼեհաստանի Հրեաների Պատմության Թանգարան, Վարշավա, Լեհաստան
Առաջին հայացքից Վարշավայի Մուրանով թաղամասը սովորական և ոչնչով աչքի չընկնող տպավորություն է թողնում: Այստեղ, ամեն քայլափոխի գտնվում են Խորհրդային շրջանի սովորական՝ բնակելի շենքեր։ Սակայն, իրականում ամբողջ թաղամասը գտնվում է նախկին Վարշավյան գետտոյի տեղում, որը ողջ Եվրոպայում ամենախոշորն էր։ Նախկին գետտոյի կենտրոնում վեր է բարձրանում բոլորովին նոր մի շինություն, որը լիովին տարբերվում է շրջապատող «խրուշչովկաներից»։ Այդ կառույցը լեհական հրեաների պատմության թանգարանն է (Muzeum Historii Żydów Polskich)։ Թանգարանի վայրը ընտրվել է ոչ պատահական։ Այն գտնվում է նախկին գետտոյի խորհրդի կենտրոնի տեղում՝ Գետտոյի հերոսների հուշարձանի կողքին, որտեղ Գերմանիայի կանցլեր Վիլլի Բրանդտը 1970 թվականին ծնկի իջավ, որպես հրեա ժողովրդի առջև իր երկրի կողմից պատմական ժեստ և ներողության հայցում։
Թանգարանի կառուցման միտքը պատկանում է Լեհաստանում հրեա ժողովրդի պատմության ինստիտուտին։ Կառույցի շինարարությունը ֆինանսավորել են մի շարք լեհական պետական կազմակերպություններ և մասնավոր անձինք։
Կառույցի նախագիծը ընտրվել է միջազգային մրցույթի միջոցով (անցկացվել է 2005 թվականին), որում հաղթեցին ֆինն ճարտարապետներ Ռայներ Մահլամակին եւ Իլմարի Լահդելման։ Շինարարությունը սկսվեց 2009 թվականին։ Թանգարանը նախապես բացվեց 2013 թվականի ապրիլի 19-ին՝ ի պատիվ Վարշավյան գետտոյում ապստամբության յոթանասուն ամյակի։
Թանգարանի շենքը ունի կատարյալ զուգահեռանիստի տեսք։ Շենքի հիմքը 4000 քառ. մետր է, իսկ ամբողջությամբ թանգարանի օգտակար մակերեսը 13000 քառակուսի մետր է կազմում։ Թանգարանն ունի 8 պատկերասրահ, որոնք նախատեսված են Լեհաստանի տարածքում հրեաների բնակության հազարամյա պատմության տարբեր ցուցադրությունների համար։ Շենքի արտաքին պատերը կառուցված են կրաքարից և մանր նախշերով ապակե պանելներից։ Շենքի գլխավոր ճակատային մասում, որը նայում է Գետտոյի հերոսների հուշարձանին, կա մեծ ճեղք։ Այն խորհրդանշում է Կարմիր ծովի ջրերը, որոնք համաձայն աստվածաշնչյան պատմության, բացվեցին Մովսես մարգարեի առաջ և փրկեցին հրեաներին։ Շենքի ապակե պանելների վրա լատիներեն և հին հրեական տառերով գրված է «Polin» բառը, որը եբրայերեն միաժամանակ նշանակում է և Լեհաստան, և «Այստեղ դուք կարող եք հանգստանալ»։ Համաձայն ավանդույթի, հրեաները այս բառի երկիմաստ թարգմանությունը համարում էին լավ նախանշան և միջին դարերում հաճույքով բնակվում էին Լեհաստանի տարածքում, որը հայտնի էր հրեական ժողովրդի հանդեպ իր հանդուրժողականությամբ։
Շենքի ներսում նույնպես կան բազմաթիվ խորհրդանշական տարրեր։ Կառույցի գլխավոր դահլիճը, ինչպես քարանձավները, ունի ալիքավոր պատեր: Պատերի միջև դատարկ տարածությունները խորհրդանշում են հրեաների պատմության վայրիվերումները, սակայն շենքն ամբողջությամբ նպատակ ունի ցուցադրել ոչ միայն Հլոքոստի ողբերգությունը, այլև այդ ժողովրդի պատմության լուսավոր ժամանակները լեհական հողի վրա։
Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am