Մանքասթեր Ամրոց, Ռեյվենգլաս, Մեծ Բրիտանիա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Մեծ Բրիտանիա

Մանքասթեր ամրոցը գտնվում է Էսք գետի ափին: Անվանումն առաջացել է լատիներեն «քասթեր» բառից, որը թարգմանաբար նշանակում է «ամրոց»: Այն պաշտպանում էր երկիրը շոտլանդական հարձակումներից, իսկ ավելի ուշ կարևոր կետ դարձավ Քարլայլի առևտրային ճանապարհի վրա: Դղյակը կառուցվել է հռոմեական ամրոցի ավերակների վրա: Շինարարությունը կատարվեց մի քանի փուլով. սկզբում կառուցվեց ամրոցի հիմնական մասը և աշտարակը, այնուհետև Մանքասթերը պարբերաբար վերակառուցվում էր: Դղյակի ներքին հարդարանքը Փեննինգթոնների յուրաքանչյուր սերնդի հետ ավելի ու ավելի շքեղ էր դառնում: Ամբողջ տանը կախված են ընտանիքի անդամների, անգլիական թագավորների ու ազնվականների կտավներ: Գրադարանը տան ամենահետաքրքիր սենյակներից մեկն է. պարունակում է մոտ 6,000 նմուշ: Հայտնի են տան երկու խոշոր ձևափոխումներ 1770թ. և 1862թ.: Վերջին վերանորոգման հեղինակը հայտնի ճարտարապետ Էնթոնի Սելվինն է: Դղյակը շրջապատված է 77 ակր այգով, որտեղ էլ կառուցվել է բվերի հայտնի արգելանոցը:

Մանքասթեր ամրոցում կա մի քանի տեղ, որտեղ ուրվականները սիրում են հայտնվել. օրինակ գոբելենի սենյակը, որտեղ գիշերները երեխայի լաց է լսվում: Այգում հաճախ կարելի է հանդիպել Սպիտակ Տիկնոջ ուրվականին: Ըստ լեգենդի դա տնտեսուհի Մերի Բրեգի ուրվականն է: Նա սիրահարված էր սպասավորներից մեկին, սակայն շուտով մրցակցուհի է հայտնվում, իսկ Մերին անհետ կորում է: Որոշ ժամանակ անց նրա մարմինը գտնում են գետում: Ասում են` Մերիին գնդակահարել են գետի կողքի ծառի տակ, և երբ ծառը կտրեցին, այնտեղից արյուն հոսեց:

Երբեմն դղյակում հայտնվում է Հիմար Թոմը (Թոմ Սքելեթոնը), որը մի ժամանակ այստեղի ծաղրածուն էր ու հայտնի էր նրանով, որ դաժան կատակներ էր անում բոլորի հետ: Նրա սիրած կատակն էր ճանապարհորդներին սխալ ճանապարհով ուղարկել դեպի մահացու ճահիճները: Պատմում են, որ Թոմը սպանել է փայտագործին, ով սիրահարվել էր տան տիրոջ աղջկան: Փայտագործի ուրվականը առաջինն էր, ով «բնակվեց» դղյակում: Հետագայում Թոմի ուրվականն էլ սկսեց հայտնվել դղյակում ու տարբեր առարկաներ շարժել: Տան տերերը չեն պայքարում նրա դեմ, ընդհակառակը, փորձում են բարիացնել նրան: Սովորաբար նրանք Թոմի նկարի առջև որևէ խմիչք կամ համեղ բան են դնում:

Չնայած բոլոր դրամատիկ պատմություններին դյղակը տեսնել ցանկացողների քանակը չի պակասում: £400 կարելի է գիշերն անցկացնել Գոբելենի սենյակում: Այստեղ կա նաև հարսանիքների կոորդինատոր, որը կօգնի կազմակերպել ցանկացած շքեղության հարսանիք ուրվականների կողքին:

Հոդվածը Սոնա Գասպարյանի, www.building.am

Լուսանկարները՝ www.muncaster.co.uk


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ