Մուղնիի Ս.Գևորգ Եկեղեցի, Հայաստան

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Հայաստան

Մուղնի գյուղը գտնվում է Աշտարակ քաղաքից 1,5կմ հյուսիս-արևելք։ Գյուղի հարավային եզրին կանգուն է Ս.Գևորգ վանքը, որը հիմնադրվել է XIVդ. և հիմնովին վերակառուցվել՝ 1661-1669թթ.-ին (ճարտարապետներ՝ Սահակ Հիզանեցի և Մուրադ)։ Վանքի քառամույթ գմբեթավոր բազիլիկի հորինվածքով եկեղեցին շինված է մաքուր տաշած սև ու կարմիր տուֆից։ Արևմտյան կողմից կից է եռակամար բաց սրահը, որի միջին հատվածի վրա բարձրանում է զանգակատան ռոտոնդան։ Ընդարձակ և բարձր աղոթասրահը (16,1մ×12,2մ) արևելքում ավարտվում է բեմի կիսաշրջանաձև աբսիդով, որի երկու կողմերում ուղղանկյուն, թաղածածկ ավանդատներ են։ Գմբեթը (5,67մ տրամագծով) բարձրանում է դահլիճի կենտրոնում։ Աբսիդի և դահլիճի հյուսիս-արևելյան անկյան վրա XVIIդ. որմնանկարներ են։
Եկեղեցու արտաքին հարդարանքում մեծ դեր է խաղում բազմազանությունը՝ սև և դեղնակարմրավուն տուֆի օգտագործումով։ Արևմտյան մուտքը ուշագրավ է բացառիկ հարուստ և բարձրարվեստ ձևավորումով։ Վանքի ուղղանկյուն հատակագծով, կոպտատաշ բազալտից շարված պարիսպները հյուսիս-արևմտյան և հարավ-արևմտյան անկյուններում ունեն շրջանաձև բուրգեր։ Աշխարհիկ շինությունները (XVIIդ.) խմբավորված են համալիրի հյուսիս-արևելյան կողմում։ Բնակելի սենյակները դասավորված են թաղակապ բաց սրահի շուրջը և կից են պարսպին։ Նրանց վրա 1895թ.-ին կառուցված երկրորդ հարկից պահպանվել են միայն քարե աստիճանները։ Արևելյան պարսպին կից են թաղածածկ սեղանատունը, մթերանոցը։ Համալիրի հյուսիս-արևմտյան կողմում գտնվում է աղբյուրի փոքրիկ շենքը՝ զուգակցված ջրամբարի հետ: (https://www.findarmenia.com)


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ