Մոլե Անտոնելլիանա, Տուրին, Իտալիա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ԻտալիաՄոլե Անտոնելլիանան (Mole Antonelliana) որպես թանգարան ծառայող ամենաբարձր կառույցն է աշխարհում, և միաժամանակ, Եվրոպայի ամենաբարձր աղյուսե շինությունն է։ Շենքը գտնվում է Իտալիայի նախկին մայրաքաղաքի՝ Տուրինի պատմական կենտրոնում և իր անվանումն է ստացել ի պատիվ այն ստեղծող ճարտարապետի՝ Ալեսանդրո Անտոնելլիի։
Շենքի շինարարությունը մեկնարկել է 1863 թվականին՝ մայրաքաղաքի՝ Տուրինից Ֆլորենցիա տեղափոխվելուց մեկ տարի առաջ։ Համաձայն Ալեսանդրո Անտոնելլիի նախնական ծրագրի՝ կառույցի շինարարական ծախսերը չպետք է գերազանցեին 280 հազար լիրան, սակայն վերջնական գինը ակնկալվող ծախսերը գերազանցվեց և հասավ մինչև 620 հազարի։ Կառույցը նախատեսված էր սինագոգի համար և կառուցվում էր հրեական համայնքի փողերով, որը, սակայն, հրաժարվեց վճարել պայմանավորված գնից ավել, երբ Անտոնելլին նախնական 47 մետր բարձրություն ունեցող շենքի փոխարեն սկսեց կառուցել 113 մետր բարձրությամբ աշտարակ (սակայն, վերջնական բարձրությունը կազմեց 167,5 մետր)։ Անտոնելլիի հավակնոտ նախագիծը հրեական համայնքի գրպանին հարմար չէր, ուստի և հրեաները համաձայնեցին քաղաքային իշխանությունների առաջարկին՝ փոխանակել կիսակառույց շինությունը քաղաքի այլ մասում գտնվող հողատարածքի հետ։ Շենքի շինարարության վերջնական փուլը ֆինանսավորեցին քաղաքային իշխանությունները։ Շինարարությունն ավարտվեց 1889 թվականին՝ Անտոնելլիի մահից հետո։ 1908-ից մինչև 1938 թվականը շենքում գործում էր Ռիսորջիմենտոյի թանգարանը, իսկ 2000 թվականին տարածքը զբաղեցրեց Ազգային կինեմատոգրաֆիայի թանգարանը (Museo Nazionale del Cinema)։
Շենքը կառուցվել է նեո կլասիկ ոճով։ Հիմնական մասը քառակուսի է պլանում, իսկ կլորավուն գմբեթը կառույցի արտաքին տեսքին տալիս է հետաքրքիր հակադրություն։ Գմբեթի վրա վեր է հառնում շենքի ծայրաձողը։ 1953 թվականին պտտահողմը քանդել էր ծայրաձողը, որը վերակառուցվել է 1961 թվականին։ Ներկայումս շենքի գմբեթը վեր է հառնում շրջապատող թաղամասերից, և թվում է, թե նրա ծայրաձողը մխրճվում է անմիջապես ամպերի մեջ։
Մինչև 2011 թվականը Մոլե Անտոնելլիանան Իտալիայի ամենաբարձր կառույցն էր։ Այն համարվում է Տուրինի խորհրդանիշը, իսկ 2006-ին դարձավ Ձմեռային օլիմպիադայի խորհրդանիշը։ Բացի այդ, այն պատկերված է երկու ցենտ արժողության իտալական եվրո մետաղադրամի վրա։ Ողջ տարին թանգարանում աշխատում է արագընթաց համայնապատկերային վերելակ՝ քաղաքը թռչնի թռիչքի բարձրությունից դիտել ցանկացողների համար։
Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am
Լուսանկարները՝ www.commons.wikimedia.org