Մարմաշենի Վանք, Վահրամաբերդ, Հայաստան

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Հայաստան

Մարմաշենի վանքը գտնվում է Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղից 2 կմ. հարավ-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին: Մարմաշենը X դ. վերջի հայ միջնադարյան ճարտարապետության վառ օրինակն է: Իր ճարտարապետական հորինվածքով նմանվում է Անիի Մայր տաճարին:

Վանքային համալիրը բաղկացած է 3 եկեղեցուց և գավթից: Ըստ հարավային պատի արձանագրությանը, վանքի գլխավոր` Կաթողիկե եկեղեցին կառուցել է Վահրամ Պահլավունին 988-1029թթ.: Ենթադրվում է, որ եկեղեցու ճարտարապետը եղել է Տրդատը: Գլխավոր եկեղեցին, կառուցված կարմիր տուֆից, գմբեթավոր դահլիճ է: Եկեղեցու ներքին ծավալների համաչափությունը խախտված է: Արևելքում կրճատված է խաչաթևը, իսկ ավագ խորանը երկու հարակից ավանդատներով մոտեցված է գմբեթատակ տարածությանը: Դրա շնորհիվ գմբեթը գրավել է կենտրոնական դիրք, իսկ շինությունը իր հորինվածքով մոտեցվել է կենտրոնական կառույցների տիպին: Խաչաձև ճակատը մշակված է խոր լուսաստվեր ստեղծող եռանկյունաձև խորշերով: Կիսասյուների փնջերով զարդարված 12 նիստանի թմբուկը պսակված է հովանոցաձև վեղարով:

Գլխավոր եկեղեցուց հյուսիս գտնվում է վանքի երկրորդ եկեղեցին, որն իր ճարտարապետական հորինվածքով և ներքին հարդարանքով գլխավոր եկեղեցու փոքրացված ընդօրինակությունն է (հավանաբար կառուցվել են միաժամանակ):

Կաթողիկեից հարավ գտնվող երրորդ եկեղեցին (Xդ.) ներքուստ խաչաձև և արտաքուստ ուղղանկյուն կենտրոնագմբեթ, չորս անկյուններում ավանդատներով կառույց է: 1954-1956թթ. պեղումների ժամանակ հայտնաբերվել է նաև վանքի չորրորդ եկեղեցին` կլոր, քառապսիդ, չորս ավանդատներով կառույց: Եկեղեցուց մնացել է միայն բարձր միաստիճան գետնախարիսխը և պատերի երկու ստորին մասերը: Վանքի արևմտյան մասում պահպանվել են քառասյուն գավթի փլատակները: Այն ծառայել է որպես Պահլավունիների գերեզմանատուն: Այստեղ է թաղված նաև 1045 թ. Դվինի մոտ ճակատամարտում զոհված Վահրամ Պահլավունին:

Վանքի տարածքում է գտնվում գերեզմանոց, ինչպես նաև հին կառույցների և խաչքարերի բեկորներ:

XI դ. սելջուկների արշավի ժամանակ վանքն ավերվել է. Կաթողիկեն վերացվել է բերդի, իսկ վանքի տարածքը` գյուղի: Միայն 1225թ. Զաքարյան իշխանները (համաձայն հյուսիսային պատի արձանագրությանը) վերադարձրել են վանքը Պահլավունիներին: Վահրամ Պահլավունու թոռներ արքեպիսկոպոս Գրիգորը և նրա եղբայր Ղարիբ իշխանը նորոգել են Մարմաշենի վանքը:

XIII թ. վանքը նորից ավերվել է, այս անգամ թաթար-մոնղոլների ներխուժման ժամանակ: XIX դ. 30-ական թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո Ղարսից Մարմաշեն է տեղափոխվել հայերի մի խումբ: Կաթողիկե եկեղեցին դարձել է ծխական: 1870թ. Մկրտիչ Ջալալյանը վերականգնեց վանքը և նրան կից հիմնեց դպրոց: 1883թ. երկրաշարժից տուժել է հյուսիսային եկեղեցին: 1900թ. կաթողիկոս Մկրտիչ I Վանեցին էր զբաղվում վանքի վերականգման գործերով: 1923թ. Հայաստանում Խորհրդային իշխանության հաստատումից հետո եկեղեցին դադարել է գործել, իսկ 1988 այն բավականին տուժել է Սպիտակի երկրաշարժից:

Հոդվածը Նատալիա Ղուկասյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ