Քաղ. Արդարադատության Կենտրոն, Մեծ Բրիտանիա
Ի՞նչ է LEED ՀավաստագրումըՔաղաքացիական Արդարադատության Կենտրոն, Մանչեսթեր, Մեծ Բրիտանիա
Որքա՜ն սիրահար սրտեր են ջերմանում «Արի ամուսնանանք» արտահայտությունից, և պատկերացրեք, ինչ տհաճ ապրումներ են ունենում նրանք «Պետք է բաժանվենք»-ից հետո: Իսկ Մանչեսթերում այդ վատ իրավիճակը քիչ թե շատ մեղմացնում է մի հրաշալի շինություն՝ Քաղաքացիական արդարադատության կենտրոնը, որն իր ժամանակակից դիզայնով և դրական էներգիայով կոտրում է «սովորական դատարանի» կարծրատիպը: Այն կառուցվել է 2003-2007թթ. Սփինինգֆիլդսի շրջանում, ավստրալական Դենթոն Կորկեր Մարշալի ճարտարապետների և Մոթ Մակդոնալդի մի խումբ ինժեներների կողմից: Ըստ ասեկոսեների, Բարի Մարշալը շենքի հատակագիծը ճեպանկարել է թղթի վրա, և աննշան փոփոխությամբ այն կառուցվել է՝ դառնալով ճարտարապետության աննախադեպ նմուշ, որը միանգամից կնքվեց «փաստաթղթերի պահարան» մականվամբ, շնորհիվ շենքի ծայրերում դուրս ցցված «դարակների»: Այն 16 հարկանի շենք է, ունի 47 դատական սրահներ, 11 հարկանի ատրիում և գայթակղիչ ապակեպատ ճակատ: Այս էլեգանտ դատարան-համալիրը նորարարության և ռացիոնալ նախագծման փայլուն օրինակ է: Բնական օդափոխության համակարգը նախագծված է առավելագույնի հասցնել հովացման «անվճար» ներուժը: Շենքի ծայրերում բացված «դարակները» կարծես ծայրահեղ անհավասարակշռվածություն են ստեղծում կառույցի համար: Բայց իրականում շենքը ամուր և կայուն կանգնած է իր հիմքով, և անգամ ուժեղագույն փոթորիկները կարողացել էին շենքի տանիքից միայն մի նեղ ալյումինե կտոր պոկել: Մանչեսթերի քաղաքացիական արդարադատության կենտրոնն արժանացել է բազմաթիվ մրցանակների՝ շենքի կայունության (կանաչ շինարարութան), նորարարական նախագծման և տպավորիչ ճարտարապետության անվանակարգերում:
Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am
Լուսանկարները՝ www.worldarchitecturenews.com