Մակարավանք, Տավուշի Մարզ, Հայաստան
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՀայաստանՄակարավանք վանքային համալիրը գտնվում է Տավուշի մարզի Աչաջուր գյուղից 3 կմ. հեռավորության վրա, Պայտաթափ լեռան ստորոտում գտնվող լեռնաբերձ սարահարթի վրա խիտ անտառների մեջ: Մակարավանքը միջնադարյան Հայաստանի ամենակարևոր ճարտարապետական հուշարձաններից մեկն է: Համալիրի բոլոր շինությունները կառուցված են կարմրավուն տուֆից, մուգ-վարդագույն անդեզիտից և կանաչավուն քարերից: Մի ժամանակ Մակարավանքը շրջապատված էր բարձր պատերով: Վանքային համալիրը բաղկացած է 3 եկեղեցուց և գավթից: Վանքի տարածքում են գտնվում նաև 2 գերեզմանոց, կամարակապ դարպասը, աղբյուրը, ինչպես նաև տնտեսական շինությունների ավերակները:
Մակարավանքի ամենահին եկեղեցին կառուցվել է X-XI դդ. կարմրավուն տուֆից: Ուղղանկյուն հատակագծով կառույցը ներսից խաչաձև է, գմբեթավոր հորինվածքով: Եկեղեցու մուտքը գտնվում է արևմտյան մասում, որով այն հաղորդակցվում է գավիթի հետ: Խորանի ճակատային մասը զարդարված է բուսական և երկրաչափական զարդանկարներով:
1198թ. վանահայր Հովհաննես Ա-ն վանքի արևելյան մասում կառուցել է Սուրբ Աստվածածին եկեղեցին: Այն ուղղանիստ է արտաքուստ և խաչաձև ներքուստ: Ներքին հարդարանքի ամենանշանավոր տարրերից են յուրօրինակ հարթաքանդակները, որոնք պատկերում են թռչունների, առյուծների, ինչպես նաև վիշապի և արծվի մենամարտը: Հյուսիսային կողմից եկեղեցուն կից է կիսաքանդ մատուռը:
Մակարավանքի հիմնական եկեղեցին կառուցվել է 1205թ. Բազազ իշխանի որդի Վարդանի կողմից: Եկեղեցին, արտաքուստ ուղղանկյուն և խաչաձև ներքուստ, իրենից ներկայացնում է գմբեթավոր դահլիճ: Խորանի աջ և ձախ կողմերում գտնվում են երկհարկանի ավանդատները: Եկեղեցու ներքին հարդարանքը շռայլորեն զարդարված է հայ քանդակագործության վառ նմուշներով: Ութանկյուն աստղերը և ութանիստ բազմանկյուններն իրենց մեջ ներառված հուշկապարիկներին, թռչուններին, ձկներին և աստվածաշնչական հերոսներին պատկերող հարթաքանդակներով, դասվում են միջնադարյան հայկական արվեստի գլուխգործոցների շարքին: Ութանկյուն աստղերից մեկում քանդակված է եկեղեցու ճարտարապետի (և ամենայն հավանականությամբ քանդակագործի) դիմապատկերը և անունը «Երիտասարդ»:
XIII դարի սկզբին Վաչե Ամբերդցին (Վաչուտյանների իշխանական տոհմից) կառուցել է երկու եկեղեցիներն իրար կապող գավիթը: Արևելյան մուտքը զարդարված է բարձրաքանդակով, որը պատկերում ցուլի և առյուծի մենամարտը: Գավիթը առանձնանում է հարուստ ներքին հարդարանքով: Նրա պատերը զարդարված են ճոխ երկրաչափական և բուսական զարդամոտիվներով:
Հյուսիս-արևելքից գավթին կից գտնվում է կիսավեր նշխարատունը: Այստեղ թխվում էր եկեղեցական հացը, որն օգտագործվում էր ծիսակատարությունների ժամանակ: Այս քառակուսի շինությունը նմանատիպ մի քանի կառույցներից մեկն է, որը պահպանվել է մինչև մեր օրերը:
Մակարավանքը վերջին անգամ վերականգվել է 1970-1980թթ.: Այսօր վանքը, որն իր գեղարվեստական արժեքով դասվում հայկական ճարտարապետության այնպիսի գլուխգործոցների, ինչպիսինն են Բղենո Նորավանքը, Գանձասարը և Սուրբ Խաչը, գտվում է կործանման եզրին: Նրա քադնման պատճառները մի քանիսն են: Առաջի պատճառը սողանքներն են: Իսկ երկրորդ պատճառն այն է, որ անդեզիտը, որն օգտագործվել է վանքի շինարարության ժամանակ, չի դիմանում խոնավությանը և փշրվում է:
Հոդվածը Նատալիա Ղուկասյանի, www.building.am