Լուպանար, Հին Հռոմ, Իտալիա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Իտալիա

Զարմանալի չէ, որ ամենահին հասարակաց տները բացվել են Հին Հռոմում: Երկրում, որը Ներոնի, Կալիգուլայի ու Մեսսալինայի հայրենիքն է: Վերջինիս մասին պատմող աշխատություններից մեկում, որ գրվել է հռոմեացի պոետ Յուվենալիոսի կողմից, կարելի է հանդիպել լուպանարների մասին պատմությանը:

Հասարակաց տան անվանումն առաջացել է լատիներեն lupa – “գայլ” բառից: Հնում այդպես էին անվանում մարմնավաճառներին: Լուպանարն իրենից ներկայացնում էր պարզ շինություն, որն իր տեսքով ոչնչով չէր առանձնանում: Մուտքը մի փոքրիկ դռնակից էր, որի տեղը պետք էր նախօրոք իմանալ գտնելու համար: Ինքը շենքը գտնել, սակայն, դժվար չէր: Փողոցի քարերի վրա պատկերված էին սլաքներ ֆալլոսի նշանի տեսքով: Դրանք ուղղորդում էին տեղացի այցելուներին և օտարերկրյա նավաստիներին ու առևտրականներին գտնել լուպանարը:

Դատելու համար, թե ինչքան տարածված էին լուպանարները հին աշխարհում, կարելի է ուսումնասիրել Պոմպեյի օրինակը: Այստեղ պեղումների ընթացքում հայտնաբերվել է ավելի քան 30 նման շինություն: Դա, իհարկե, զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ այստեղից են տարվել նաև Գաղտնի Սենյակի նմուշները: Այդ ժամանակ սովորաբար սեքսուալ ծառայություններ մատուցելու համար մարմնավաճառուհիները վարձում էին մի սենյակ խանութների վերևի հարկում: Իսկ առաջին շենքը, որը կառուցվել է որպես հասարակաց տուն, եղել է հենց Պոմպեյում: Այստեղ հայտնաբերվել են նաև երկհարկանի շենքեր, որտեղ տեղավորվում էր 5-10 սենյակ: Նման սենյակներից մեկում գտնվել է մ.թ. 72թ. պատկանող մետաղադրամի հետք:

Այս հաստատությունն այցելելու համար գոյություն ուներ նաև հատուկ դրեսս-կոդ. երբ գալիս էր գիշերը, այցելուները հագնում էին ծածկոցներ, կամ էլ հատուկ սրածայր գլխարկներ, որոնք կոչվում էին cuculus nocturnes – գիշերային կկու: Լուպանարի ներքին հարդարանքը շատ պարզ էր. պատերը զարդարված էին էրոտիկ պատկերներով: Բացի դրանից սենյակում կար միայն քարե մահճակալ, 170 սմ երկարությամբ, որի վրա էլ մարմնավաճառուհիներն ընդունում էին այցելուներին: Իշխանության պահանջով բոլոր “աշխատակցուհիները” կրում էին կարմիր փափուկ կաշվից գոտիներ, որոնք ծածկում էին կուրծքն ու կապվում էին մեջքի վրա. շատ նման ժամանակակից կրծկալներին: Այս գոտին կոչվում էր մամիլլարե (mamillare):

2006թ. Պոմպեի լուպանարներից մեկը վերակառուցվեց, ու սկսեցին կազմակերպվել էքսկուրսիաներ, բայց առանց մարմնավաճառուհիների: Տեղի միկրոկլիման ապահովելու համար միաժամանակ թույլատրվում է ներսում գտնվել ամենաշատը 10 մարդու:

Հոդվածը Սոնա Գասպարյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ