Փիղ Լյուսի, Մարգեյթ, Նյու Ջերսի, ԱՄՆ
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱյս բարի, բոլորի կողմից սիրված, փղի տեսքով վեց հարկանի պատմական հուշարձանը ճարտարապետական նորարարության XIX դարի եզակի նմուշ է հանդիսանում: Այն ունի փայտե կառուցվածք և անագե ծածկույթ: Կառուցվել է 1882-ին Ատլանտիկ Սիթի քաղաքի ոմն հողատեր Ջեյմս Վինսենթ Լաֆերթիի կողմից՝ Մարգեյթ քաղաքում, Նյու Ջերսի նահանգի Ատլանտիկ Սիթիից 3.2կմ հարավ: Լաֆերթին՝ այդ 25-ամյա ինժեները, ուզում էր ստեղծել մի դիտարժան վայր՝ Ատլանտիկ Սիթիի հարավային մասում զարգացնելու իր նոր բիզնեսը: Ի սկզբանե այս անսովոր շենքը կառուցվել էր անշարժ գույքի գնորդներին, ինչպես նաև զբոսաշրջիկներին գրավելու նպատակով: Երկար տարիներ Լյուսին ծառայել էր որպես անշարժ գույքի գրասենյակ, տուրիստական կենտրոն, ժամանակավոր կացարան, բար, հյուրանոց, ռեստորան: Փղի կառուցման ժամանակաշրջանում կենդանու ձևով շենք կառուցելու գաղափարը նորարարություն էր, և 1882-ին, ԱՄՆ-ի Արտոնագրային գերատեսչությունը Լաֆերթիին տվել է կենդանու տեսքով շենքերի կառուցման, օգտագործելու և վաճառքի արտոնագիր 17 տարվա ժամանակահատվածով: Լյուսի փիղը՝ որպես վիկտորիանական ժամանակաշրջանի էքսցենտրիկ ճարտարապետության եզակի օրինակ, մեզ է ներկայանում իր 19,7մ բարձրությամբ, 18.3մ երկարությամբ, 5.5մ լայնությամբ և կշռում է գրեթե 90 տոննա: Փիղը պատրաստված է մոտ մեկ միլիոն փայտե կտորներից: Առաջին տարիներին՝ շինարարության ավարտից հետո, Լյուսիին արու էին համարում: Ժանիքների ձևը խոսում էր նրա Ասիական տիպի արու փիղ լինելու մասին: Ինչևէ, այժմ այն ընդունված է համարել որպես գեղեցիկ սեռի չքնաղ ներկայացուցիչ: Այս զարմանալի փիղը մեկն է փղակերպ այն երեք շենքերից, որոնք կառուցվել են Լաֆերթիի կողմից: Նրանցից խոշորագույնը տասներկու հարկանի կառույց է եղել,այսինքն՝ չափերով կրկնակի մեծ, քան փիղ Լյուսին է: Այն կոչվում էր «Փիղ կոթող» և կանգնեցվել էր Նյու Յորքի Քոնի-Այլենդ կղզու կենտրոնում, զվարճալի ատրակցիոնների այգում, իսկ հետագայում հրդեհվել ու իսպառ վերացել է: Լաֆերթիի երրորդ փիղը, որը Լյուսիի համեմատ մի քիչ փոքր էր, անվանվում էր «Ասիայի Լույս»: Նրա ստեղծման հիմքում ընկած էր հողի առքուվաճառքի Լաֆերթիի մեկ այլ ծրագիր: Այն նույնպես ավերվել է, և մեր ժամանակներում միայն Լյուսին է վայելում երկնային լազուրը: Այն 1970թ-ին վերանորոգվել է ի շնորհիվ կազմակերպված «Փրկենք Լյուսիին» ակցիայի և 1976-ին գրանցվել է ԱՄՆ-ի Ազգային Պատմական Հուշարձանների ցուցակում: Առաջին անգամ 2006 թվականի գարնանը Լյուսին շանթահար եղավ. նրա ժանիքների ծայրերը բավականին սևացան: 2006-ի նոյեմբերին Լյուսին Proformance Insurance ապահովագրական ընկերության գովազդի հիմնական դեմքն էր հանդիսանում: Լյուսին ցուցադրվել է նաև «Կյանքը մարդկանցից հետո» շոու-ծրագրում 2009-ին: Այսօր զբոսաշրջիկների համար կազմակերպվում են հատուկ շրջագայություններ, որոնք ծանոթացնում են Լյուսիի ստեղծման պատմությանը , հնարավորություն են տալիս պարուրաձև աստիճաններով բարձրանալ Լյուսիի մեջքին ամրացված տնակը (howdah) և այստեղից հիանալ շրջակա ափամերձ համայնապատկերով:
Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am