Լոֆթուս Հոլ, Հուք Թերակղզի, Իռլանդիա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Իռլանդիա

Լոֆթուս Հոլլ դղյակն իր գոյության ընթացքում շատ գաղտնիքներ է հավաքել ու բազմաթիվ տերեր փոխել: Ամենաառաջին շենքը կառուցվել է 1350 թ. Ռեդմոնդների ընտանիքի կողմից: Ավելի ուշ Կրոմվելյան բռնագրավումների հետևանքով 1666թ. տունն անցել է Լոֆթուս ընտանիքին: Այժմյան շենքը կառուցվել է 1870-1871թթ. Էլայի 4րդ Մարկիզի (4th Marquess of Ely) կողմից: 1917թ. դղյակը վերածվեց կանացի մենաստանի ու աղջիկների դպրոցի: 1983թ. այն գնեց Մայքլ Դեվերոն ու դարձրեց «Լոֆթուս Հոլլ Հյուրանոց», որը, սակայն, փակվեց 90-ականների վերջին: Դղյակը շարունակեց մնալ Դեվերոների սեփականությունը մինչև 2008թ., երբ վաճառվեց անհայտ գնորդի: Լուրեր էին պտտվում, որ այդ գնորդը U2 խմբից Բոնոն էր:

Դղյակը հայտնի է առաջին հերթին երիտասարդ աղջկա ուրվականի շնորհիվ: Կան նրա հայտնվելու լեգենդի մի քանի տարբերակներ: Համաձայն դրանցից մեկի մի աշնանային անձրևոտ երեկո Տոտենհեմների դուռը ծեծում է մի երիտասարդ ու ապաստան խնդրում: Տան տերերը նրան հաճույքով ընդունում են ու հրավիրում են ընթրիքի: Ընթրիքի ընթացքում տան տիրոջ աղջիկը` Աննան կռանում է սեղանի տակ ընկած իրը վերցնելու և նկատում է, որ հյուրի ոտքերը թափանցիկ են (իսկ մի ուրիշ տարբերակով ոտնաթաթերի տեղը սմբակներ էին): Նա սարսափահար ճչում է, իսկ հյուրն անմիջապես անհետանում է` առաստաղին թողնելով մի մեծ անցք: Մի քանի օր անց Աննան մահանում է անբացատրելի պայմաններում: Դրանից հետո նրա ուրվականն անընդհատ հայտնվում է տանը, և պարոն Տոտենհեմը ստիպված է լինում տեղի քահանային հրավիրել տունը օծելու: Սակայն դրանից հետո էլ ուրվականը շարունակում է հայտնվել: Սա պատմության մի տարբերակն է: Մեկ այլ` ավելի իրատեսական տարբերակի համաձայն պարոն Տոտենհեմն իմացել է, որ իր աղջիկը հղիացել է անծանոթից, վերջինիս մենամարտի հրավիրել ու սպանել է նրան: Երիտասարդ Աննան, իմանալով դրա մասին, հիվանդացել է և շուտով մահացել: Իսկ թափանցիկ ոտքերի և առաստաղի անցքի մասին պատմությունը հորինել են հենց Տոտենհեմները հղիության ամոթալի փաստը թաքցնելու համար… Չնայած այսօրվա դղյակի շենքը կառուցված է այս դեպքից շատ տարիներ անց, սպասավորները մինչ օրս հաճախակի տեսնում են տան շուրջը թափառող Աննայի ուրվականին...

Հոդվածը Սոնա Գասպարյանի, www.building.am

Լուսանկարները՝
www.daft.ie


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ