Լմբատավանք, Արթիկ, Հայաստան

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Հայաստան

Լմբատավանքը (Լմպատի Սուրբ Ստեփանոս եկեղեցին) գտնվում է Շիրակի մարզի Արթիկ քաղաքից հարավ-արևմուտք: Պատմական տարեգրություններում չի պահպանվել որևէ տեղեկություն եկեղեցու շինարարության վերաբերյալ, բայց հնագիտական վերլուծությունը ցույց տվեց, որ այն կառուցվել է VI-VII դդ.: Սրբատաշ տուֆից կառուցված եկեղեցին իրենից ներկայացնում է փոքր խաչաձև գմբեթավոր կառույց՝ ութանիստ թմբուկով: Դիտարժան ճարտարապետական էլեմենտներից են` առանց լուսամուտի գլխավոր խորանը (ներկայիս բացվածքը ավելացվել է ավելի ուշ), հարավային և հյուսիսային թևերը ուղղանկյուն հատակագծով և կամարները:

Պահպանվել են արձանագրություններ, որոնց համաձայն գմբեթը վերանորոգվել է X դարում:

Լմբատավանքի գլխավոր արժեքը` ինքնատիպ որմնանկարների պահպանված հատվածներն են: Ս. Ստեփանոս եկեղեցու որմնանկարները (VII դ.) վաղ քրիստոնեության հայկական մոնումենտալ գեղանկարչության վառ օրինակներից են: Հայտնի աստվածաշնչյան սյուժեն` Քրիստոսի Հարությունը, հայկական նկարիչները լուսաբանում են ինչպես հանդիսավոր Աստվածահայտնություն: Այս մեկնաբանության հիմքում ընկած է մարգարե Եզեկիելի տեսիլքը: Կենտրոնում պատկերված է Քրիստոսը, շրջապատված երկնային ուժերի խորհրդանիշներով` հրե լեզուների ֆոնի վրա (պահպանվել է միայն ներքևի մասը): Վերևի մասում պատկերված էր նաև ծիածանակամարի վրա դրված Քրիստոսի մարգարիտներով զարդարված գահի պատվանդանը: Խորանի երկու կողմերում երկու հեծյալների` Ս.Սարգիսի ու Ս.Գևորգի, պատկերն է: Դիտարժան է այն փաստը, որ ձիերի սմբուկների տակ չար ոգիներ չկան: Ենթադրվում է, որ որմնանկարի ներքևում պատկերված է եղել Տիրամայրը 12 առաքյալների հետ: Որմնանկարները ստեղծված են գծային գրաֆիկայի ոճով, սակայն նրանք աչքի են ընկնում իրենց գունեղությամբ:

Լմբատավանքը դադարեց գործել ուշ միջնադարում: 1954թ. վանքի տարածքում և նրա մերձակայքում պեղումներ էին կատարվում: Այդ ժամանակ հայտնաբերվել են խաչքարերի պատվանդաններ և IX-X դդ. գերեզմաններ: 1955-1956թթ. Ս.Ստեփանոս եկեղեցում վերականգնողական աշխատանքներ են տարվել. վերանորոգվել են պատերը, ծածկը և գմբեթը:

Հոդվածը Նատալիա Ղուկասյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ