Լիխտենշտայն Դղյակ, Բադեն Վյուրտեմբերգ

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Գերմանիա

Լիխտենշտայն Դղյակ, Բադեն Վյուրտեմբերգ, Գերմանիա

Ռոբին Հուդի մասին ֆիլմերի կամ աշտարակներում փակված և կախարդված արքայադուստրերի մասին պատմությունների համար գոյություն ունի մի կախարդական անկյուն Բադեն Վյուրտեմբերգում՝ հարավային Գերմանիայում (Baden-Württemberg) ։ Այս հեքիաթային դղյակը՝ Լիխտենշտայնի դղյակը (Schloss Lichtenstein), կանգնած է բարձրաբերձ ժայռի՝ 817 մետր բարձրության վրա։ Շենքը գտնվում է նույնանուն հին դղյակի ավերակների կողքին, որը կառուցվել էր 12-րդ դարի կեսին և ավերվել 14-ին։ 1390 թվականին այստեղ կառուցվել է նոր դղյակը, որը մինչև 1567 թվականը Լիխտենշտայնի հերցոգների նստավայրն էր։ Հետագա երկուսուկես հարյուրամյակներում դղյակը աստիճանաբար քայքայվում է, մինչև 1802 թվականին այն հիմնովին քանդեցին։ Նրա տեղում կառուցեցին մի համեստ որսորդական տնակ։

1837 թվականին Վիլհելմ Ուրախցին գնեց այդ տնակը իր հորեղբոր համար և Վիլհելմ Գաուֆի «Լիխտենշտայն» վեպի ազդեցության տակ որոշեց նույն վայրում նորից դղյակ կառուցել։ Նոր Լիխտենշտայնը կառուցել են 1840-1842 թվականներին։ Այն կառուցում էին` փորձելով վերականգնել միջնադարյան եվրոպական դղյակների մթնոլորտը։ Նոր կառույցի ճարտարապետ Կարլ Ալեքսանդր Հայդելոֆֆը կառուցում է այն նեո-գոթական ոճով։ Հին դղյակի հիմքային պատերը պահպանվել են։

Դղյակը շրջապատված է խոր խանդակով։ Դղյակի մուտքը անցնում է բարձրացող կամրջակով, որը տանում է դեպի երկու կողմերից սրածայր փոքրիկ աշտարակներով դարպասները։ Դղյակը չնայած մեծ չէ, սակայն դա չի պակասեցնում նրա հմայքը։ Դղյակի գեղեցկությունը հատկապես հեքիաթային է ամռանը, երբ դղյակի պատերը ծածկում են կանաչ մագլցող բույսերը։ Այս փոքրիկ քարե դղյակը իր կարմիր տանիքներով և գոթական աշտարակներով կարելի է բնութագրել մի բառով՝ հեքիաթային։ Զարմանալի չէ, որ 2009 թվականին հենց այստեղ են ընթացել «Քնած գեղեցկուհին» ֆիլմի նկարահանումները։

Դղյակը մինչ օրս էլ պատկանում է Ուրախի հերցոգներին, սակայն անցած դարի 90-ական թվականներից այստեղ թանգարան է գործում, որի դռները բաց են այցելուների համար։ Դղյակում կարելի է դիտել պատմական զենքեր, զրահներ և այլ արտեֆակտներ։ Ամրոցի պատերից տեսանելի են անսահման գեղեցիկ համայնապատկերներ։ 1986 թվականին Հարավային Աֆրիկայում կառուցվել է Լիխտենշտայնի կրկնօրինակը՝ Հաութ Բեյ քաղաքում, Քեյփթաունից քիչ հեռու։

Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am

Լուսանկարները՝ www.schloss-lichtenstein.de


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ