Լազենկովսկի Պալատ, Վարշավա, Լեհաստան
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ԼեհաստանԶբոսնելով Վարշավայի ամենամեծ՝ Լազենկովսկի զբոսայգում, կարելի է հանդիպել մի շարք հետաքրքիր շենքերի։ Զարմանալի չէ, որ զբոսայգին խստորեն պահպանվում է և աշխատում է բացառապես որպես թանգարան։ Զբոսայգում գտնվում են մի քանի պալատներ, տաճար՝ նվիրված Դիանա աստվածուհուն, ջերմոց, հռոմեական թատրոն, հռչակավոր կոմպոզիտոր Շոպենի հուշարձանը, ինչպես նաև սիրամարգեր, որոնք ազատորեն շրջում են այստեղ։ Չնայած վերոհիշյալ բոլոր հուշարձանների անգնահատելի գեղեցկությանը` Լազենկովսկի զբոսայգու ամենահիշարժան կառույցը համարվում է Լազենկովսկի պալատը (Pałac Łazienkowski), որը հայտնի է նաև որպես «Պալատ ջրի վրա»։ Պալատը կառուցվել է արհեստական կղզու վրա: Հեռվում կանգնած մարդուն թվում է, թե այն կանգնած է անմիջապես ջրի վրա։ Սպիտակ դասական պալատի տեսքը, վեր բարձրացած ջրի վրա և շրջապատված ծառերով, ոչ միայն տպավորիչ է, այլև մարդուն անմիջապես տեղափոխում է 18-րդ դարի ազնվական Եվրոպա։
17-րդ դարի երկրորդ կեսին այժմյան շենքի տեղում կար բարոկկո ոճի բաղնիք-տաղավար՝ նախատեսված թագավորական մարշալ Ստանիսլավ Լյուբոմիրսկու համար։ Հենց այստեղից էլ շենքը և զբոսայգին ստացել են իրենց անունը՝ «Łazienka» լեհերեն նշանակում է բաղնիք։ Թիլման վան Գամերենի կողմից կառուցված տաղավարի կենտրոնում գտնվում էր կլոր սրահ՝ կենտրոնում շատրվանով։ Սակայն, 1772-ից մինչև 1793 թվականը, համաձայն նշանավոր ճարտարապետ Դոմինիկո Մերլինիի նախագծի, շենքը վերակառուցվել է որպես վերջին լեհ թագավոր Ստանիսլավ Ավգուստ Պոնյատովսկու ամառային նստավայր։ Մերլինին պահպանել է նախկին տաղավարի կենտրոնական դահլիճը և կառուցել է իր նախագծած պալատը դրա շուրջ։
Շենքի կառուցման պատմությունը բավականին տխուր է։ Ստանիսլավ Պոնյատովսկին մահացավ նախքան շենքի շինարարության վերջնական ավարտը։ 1795 թվականին Սանկտ Պետերբուրգում նա հարկադրված էր հրաժարվել Ռեչ Պոսպոլիտայի գահից, իսկ մի քանի տարի անց վախճանվեց Ռուսաստանում։ Պատմում են, որ մինչև իր վերջին օրերը նա հետաքրքրվում էր Լազենկովսկու պալատի աշխատանքներով։ Նրա մահից հետո պալատը երբեք չի ծառայել որպես նստավայր։ Երբեմն այնտեղ անց էին կացվում պաշտոնական հանդիպումներ, սակայն հիմնականում այն ծառայում էր որպես թանգարան։
Լազենկովսկի պալատը կառուցված է վաղ կլասիցիզմի ոճով։ Շենքի հարավային կողմում կառուցված են լայն աստիճաններ, որոնք իջնում են մինչև ջուրը։ Շենքի հյուսիսային ճակատը ունի չորս սյուներով զարդարված գավիթ։ Արտաքինից սպիտակ դասական ոճի այս շենքը բավական համեստ տեսք ունի, սակայն նրա ինտերիերը շլացնում է իր գեղեցկությամբ և հարստությամբ։ Լեհաստանի վերջին թագավորը պալատում հավաքել էր հռչակավոր գեղանկարիչների հարուստ հավաքածու։ 19-րդ դարում ինտերիերի զարդերի մի մասը տեղափոխվեց Ռուսաստան։ Ռուսների գործը շարունակեցին գերմանացիները, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ թալանեցին և ավերեցին պալատի ինտերիերը, Ռեմբրանդտի և Ռուբենսի գեղանկարների հետ մեկտեղ։ Հետպատերազմյան տարիներին պալատը հանգամանորեն վերականգնվել է, և չնայած բոլոր փորձանքներին, այժմ վերջին լեհ թագավորի նվերը իր ժողովրդին հպարտ կանգնած է Լեհաստանի սրտում։
Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am
Լուսանկարները՝ loveisspeed.blogspot.com