Լատինական Տաճար, Լվով, Ուկրաինա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ուկրաինա

Լվովի՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման մետրոպոլիտ բազիլիկ եկեղեցին այս քաղաքի՝ խորհրդային տարիներին չփակված երկու եկեղեցիներից մեկն է:

Տաճարը գտնվում է Շուկայական հրապարակի վրա, որն էլ իր հերթին Լվովի Հին քաղաքի սրտում է տեղադրված: Եկեղեցին հիմնադրվել է ավելի քան վեց դար առաջ՝ 1360 թ., հրդեհի պատճառով ոչնչացված փոքրիկ կաթոլիկ եկեղեցու տեղում: Տաճարի կառուցումը, տևելով ավելի քան հարյուր տարի, ավարտվեց 1479 թվականին: Կառույցի հիմնադիրը լեհ արքա Կազիմիր Երրորդն էր, իսկ ճարտարապետական նախագծի հեղինակը՝ Պետրո Շտեխերը: Ըստ նրա նախնական պլանի՝ տաճարը պետք է երկու աշտարակ ունենար, սակայն նույնիսկ 120 տարվա շինարարական աշխատանքներից հետո կառույցը կիսատ է մնացել և ունի ընդամենը մեկ աշտարակ, ինչի արդյունքում շինությունն ունի ասիմետրիկ տեսք:

Տաճարը կառուցված է քարից: Դրսից այն ունի կաթնային գույն՝ մգեցված ապակիներով և մուգ կանաչ տանիքներով: Թեև մոտ տարածությունից տաճարը առանձնահատուկ տպավորիչ տեսք չունի, շրջակա շենքերի տանիքներից այն արտասովոր և հիասքանչ է երևում: Շենքի երկարությունը 67 մետր է, իսկ լայնությունը՝ 23: Շենքի հիմնական մասը խորանարդի ձև ունի, սակայն հիմնական մասին կից կառուցված բազմաթիվ մատուռները տաճարի կառուցվածքը դարձնում են ասիմետրիկ և բարդ:

Ինչպես Լվովի գրեթե բոլոր հին եկեղեցիները Լատինական տաճարը բազմաթիվ վերանորոգումների է ենթարկվել: Ի սկզբանե, այն կառուցվել է գոթական ճարտարապետության լավագույն ավանդույթների համաձայն, և չնայած բազմաթիվ վերանորոգումների ժամանակ ավելացված ռենեսանսի, բարոկկոյի և կլասսիցիզմի տարրերին, տաճարն այսօր էլ պահպանել է իր նախնական գոթական նկարագիրը: Եթե Լվովում կա մի եկեղեցի, որն իսկապես ներկայացնում է գոթական ճարտարապետությունը, ապա դա Լատինական տաճարն է:

Այս տպավորիչ շինությունը, առանց որևէ կասկածի, արժանի է կոչվել Լվովի սիրտ, քանի որ այն դարեր շարունակ եղել է մի վայր, որտեղ պահվել է պատերազմական ավարը, որի աստիճաններից հրապարակվել են լեհ արքաների հրովարտակները, և որը կրում է վերջին վեց դարերի ընթացքում Լվովում կատարված ամենակարևոր իրադարձությունների հետքերը: Ասյպես օրինակ, տաճարի ռենեսանս ոճի տարրերն ավելացվել են 1527 թվականին տեղի ունեցած հրդեհի հետքերը վերացնելու նպատակով: Այդ հրդեհը ոչնչացրել էր Լվովի կեսը և զգալիորեն վնասել տաճարը: Տաճարի արևելյան պատի վրա երևացող փամփուշտները 1672 թվականի թուրքական պաշարման հետքերն են, իսկ արկը՝ 1918-19 թթ լեհ-ուկրաինական պատերազմի:

Տաճարը պարունակում է բազմաթիվ փայտե և մարմարե խորաններ, սրբապատկերներ և արձանիկներ: 1839 թվականին հատուկ Լատինական տաճարի համար ստեղծվել է երաժշտական օրգան, որը մինչ օրս կիրառվում է եկեղեցական արարողությունների ժամանակ: Պատուհանները զարդարված են անցյալ դարի սկզբին պատկանող մոդերն ոճի գունավոր ապակիներով: Տաճարն ունի մի քանի խորան, որոնցից հատկապես հիշարժան է ռենեսանս ոճով կառուցված Կամպիան ընտանիքի խորանը (17-րդ դար): Այն զարդարված է քարե զարդանախշերով, որոնք ներկայացնում են տարբեր տեսարաններ Ավետարանից:

Լատինական տաճարը 1910 թվականին ստացել է պատվավոր «Փոքր Բազիլիկա» կոչումը: Այն Լվովի կաթոլիկների հիմնական ուխտատեղին է:

Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ