Կարավայների Տուն Ծառի Վրա, Ինդոնեզիա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ինդոնեզիա

Կարավայների Տուն Ծառի Վրա, Արևմտյան Պապուա, Ինդոնեզիա
Այս արտասովոր տունը կառուցված ծառի գագաթին գտնվում է Ինդոնեզիայի Արևմտյան Պապուա նահանգում (նախկին անվ. Իրիան Ջայա), Նոր Գվինեյա կղզում: Ասում են, ծայրահեղությունները վտանգավոր են, ոսկե միջինն է պետք ընտրել: Բայց ինձ համար միևնույն է. ես իսկապես սիրեցի ծառի վրայի այս էքստրեմալ տունը: Իսկ եթե պատահաբար թարս ոտքի վրա եք վեր կացել, զգու՛յշ եղեք, քանի որ կարող եք փորձանք բերել Ձեր գլխին: Չէ՞ որ գտնվում եք գետնից շա՜տ-շա՜տ բարձր:

Այս տունը յուրահատուկ է ոչ միայն նրանով, որ գտնվում է ծառի վրա, կամ ավելի ճիշտ՝ նրա ճյուղերի, այլև նրանով, որ այս գողտրիկ բնակարանն ամրացված է ծառի ամենավերին մասում, որտեղ կարելի է բարձրանալ միայն օգտվելով սանդուղքից: Վստահ եմ, որ բոլոր տեսակի արևադարձային միջատներն ու մոծակները դժվար թե թույլ տան լիակատար հանգսիտ վայելել, թեև բնությունն այնքան հիասքանչ է ու առասպելական, որ ի վիճակի է մոռացության տալ ցանկացած տեսակի անհանգստություն:

Սակայն այս տունը հանգստի կամ արձակուրդների համար չի նախատեսված. այն ծառայում է որպես մշտական բնակարան: Այսպիսի տներ բավականին շատ կարող եք տեսնել Արևմտյան Պապուայի հարավ-արևելյան մասում: Նրանք կառուցված են Կարավայներ ցեղի կողմից, որոնք դարերով շարունակ ապրում են նմանատիպ տներում: Կառուցելով մինչև 40-50մ բարձրության հասնող բնակարաններ, Կարավայները պաշտպանում էին իրենց և սնունդը վայրի կենդանիներից, բայց ամենակարևորը, նրանք այսպիսի տներում դարեր շարունակ պաշտպանվել են հարևան՝ «գլուխ որսացող» Սիտակ ցեղից:

Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am

Լուսանկարները՝ www.georgesteinmetz.com


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ