Քինգ Աբդուլազիզ Օդանավակայան, Ջիդդա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Սաուդյան Արաբիա

Քինգ Աբդուլազիզ Օդանավակայան, Ջիդդա, Սաուդյան Արաբիա

Սաուդյան Արաբիայի տնտեսական մայրաքաղաք Ջիդդայից 19 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում թագավորության երրորդ ամենամեծ օդանավակայանը։ Թագավոր Աբդուլազիզի անվան օդանավակայանը զբաղեցնում է 15 քառակուսի կիլոմետր տարածք, որտեղ գտնվում է ոչ միայն հենց օդանավակայանը, այլև թագավորական տերմինալը, օդանավակայանի աշխատակիցների համար նախատեսված բնակելի համալիր, ինչպես նաև հատուկ շինություններ Թագավորական ռազմաօդային ուժերի համար։ Օդանավակայանը կառուցվել է 1974-1980 թվականներին։

Օդանավակայանը հանրահայտ է իր տերմինալներից մեկի յուրօրինակ դիզայնի շնորհիվ։ Ջիդդա քաղաքը գտնվում է մահմեդականների համար սրբազան Մեքքա քաղաքից ոչ հեռու, ուր ամեն տարի ժամանում են միլիոնավոր ուխտավորներ։ Ուխտավորների համար նպաստավոր պայմաններ ապահովելու նպատակով, Թագավոր Աբդուլազիզ օդանավակայանը ունի յուրահատուկ տերմինալ նախատսված հատուկ նրանց համար, ովքեր գալիս են երկրպագելու մահմեդականների գլխավոր սրբավայրը։

«Հաջ» ընդարձակ տերմինալը (հաջ՝ մահմեդականների ամենամյա ուխտագնացություն Մեքքա և Մեդինա) պատեր չունի։ Այն ծածկված է տանիքով, որը բաղկացած է 210 կոնաձև միավորներից, որոնք ստեղծվել են արաբական վրանի տեսքով։ Պատերի բացակայությունը ապահովում է բնական օդափոխությունը, իսկ տանիքի տեֆլոնային ծածկը պատսպարում է ուխտավորներին կիզիչ արևից։ «Վրանային» տանիքը հենվում է 45 մետրանոց երկաթե հենասյուների վրա։ «Վրանները» սարքված են այնպիսի նյութից, որն ինքնամաքրվում է անապատի ավազից, ինչպես նաև ունի մեծ ջերմակայունություն, որը հնարավորություն է ստեղծում տանիքի տակ՝ տերմինալի փակ տարածքում, ապահովել մոտ 25 աստիճան ըստ Ցելսիուսի անգամ այն օրերին, երբ ջերմաստիճանը դրսում հասնում է 40-45 աստիճանի։

Այս խորհրդանշական տերմինալը բաց է ընդամենը 6 շաբաթ տարվա մեջ՝ Հաջի ընթացքում, սակայն այդ ժամանակահատվածում կարողանում է ընդունել մոտ մեկ միլիոն ուխտավորի։ Այն կարող է միաժամանակ տեղավորել 80 հազար հավատացյալների, նրանց ապահովելով Հաջի (ուխտագնացության) համար անհրաժեշտ արաբական վրանին բնորոշ հասարակ և համեստ պայմաններով։ Տերմինալի ողջ համալիրը հիշեցնում է հսկայական արաբական գյուղ, որն ունի անգամ սեփական մզկիթ։

Հաջ տերմինալը զբաղեցնում է 465 հազար քառակուսի մետր տարածություն և դասվում է աշխարհի ամենամեծ տերմինալների շարքին։ Իր խորհրդանշական ճարտարապետության ու յուրահատուկ դիզայնի համար 1983 թվականին այն արժանացել է Աղա Խան ճարտարապետական մրցանակի։

Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ