Կիասմա Թանգարան, Հելսինկի, Ֆինլանդիա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ֆինլանդիա

Անվանել թանգարանը Կիասմա (ֆիններենից թարգմ.՝ խիազմա) ի պատիվ քրոմատիդների միացման կետի արդեն բավարար էր, որպեսզի այն գրավի քմահաճ զբոսաշրջիկի ուշադրությունը, սակայն, այս թանգարանի յուրահատկությունը չի սահմանափակվում միայն նրա անվանումով։ Կիասման, կառուցված 1992-ից մինչև 1998 թվականը՝ Ֆիննական ազգային պատկերասրահի համար, նախատեսված էր ինչպես մի վայր, որն այցելելուց հետո մարդը պետք է անպայման սիրահարվի ժամանակակից արվեստին։

Թանգարանի ճարտարապետը ամերիկացի Ստիվեն Հոլլն է, ում նախագիծը ընտրվել էր նախապես հայտարարված ճարտարապետական մրցույթին ներկայացված 516 նախագծերից։ Հոլլի նախագիծը հիմնված է երեք հիմնական գաղափարների վրա։ Նախ, ստեղծելով շենքի նախագիծը, Ստիվեն Հոլլը ոգեշնչվել է մարդկային մարմնի և ներքին օրգանների ձևերից։ Նրա համար ճարտարապետությունը և մարդկային մարմինը միահյուսված են։ Հենց այս պատճառով էլ կառույցն ունի խիազմի տեսք (հիշեցնում է անգլերեն X տառը)։

Երկրորդ գաղափարը, որն ընկած է Կիասմայի շենքի նախագծի հիմքում՝ դա նրա ինտեգրվածությունն է շրջապատող քաղաքային լանդշաֆտի հետ։Կիասման կառուցվում էր քաղաքի մի այնպիսի հատվածում, որն ավարտուն տեսք ուներ։ Ստիվեն Հոլլը ներդրել է բոլոր ջանքերը, որպեսզի ստեղծի ներդաշնակություն թանգարանի շենքի և շրջապատող քաղաքային տարածքի միջև։ Թանգարանը բաղկացած է երկու հիմնական մասերից, որոնք միահյուսվում են միմյանց. Մեկն ուղղագիծ է, իսկ երկրորդը՝ կոր։ Թանգարանի ուղղագիծ կողմը համահունչ է երկաթուղային կայարանին, իսկ կորագիծ հատվածը անցնում է շրջապատող քաղաքային լանդշաֆտի գծով։ Ստիվեն Հոլլը արել է ամեն ինչ, որպեսզի Կիասման, չնայած իր մոդերն արտաքին տեսքին, ներդաշնակ լինի Մաններհեյմինաուկիո հրապարակի և այնտեղ վեր հառնած մարշալ Մաններհեյմի ձիավոր հուշարձանի հետ (նա եղել է Ֆինլանդիայի նախագահը 1944-ից մինչև 1946 թվականը)։ Արդյունքում թանգարանային համալիրը շրջապատում է հուշարձանը երեք կողմից՝ միաժամանակ չփակելով այն։

Երրորդ գաղափարը, որն ազդել է շենքի կառուցվածքի վրա, դա Ստիվեն Հոլլի սերն է բնական լուսավորության հանդեպ։ Այսպես, օրինակ, թանգարանի կորագիծ հատվածը մտահղացված է այնպես, որպեսզի համապատասխանի արեգակի շարժման ուղղությանը՝ օրվա տարբեր ժամերին մաքսիմալ լուսավորություն ապահովելով շենքի ներսում։ Ապակե առաստաղները և բազմաթիվ լուսամուտները լցնում են շենքը ցերեկային լույսով, օգնելով մարդու աչքին ավելի լավ դիտել թանգարանի ցուցանմուշները։ Շենքի ներսում չկա որևէ կենտրոնական միջանցք, կառույցի սրահները միահյուսված են տարբեր յուրօրինակ անցումներով։ Կառույցի ողջ ներքին տարածությունը անհավասար մասերի և բնական լուսավորության ներդաշնակ միահյուսման հիասքանչ օրինակ է։

Կիասմայում գտնվում են 25 ցուցասրահներ, երաժշտական դահլիճ, գրախանութ, սրճարան, ռեստորան և այլն։ Թանգարանի ցուցանմուշները ներկայացնում են ֆիննական ժամանակակից արվեստը սկսած անցած դարի 60-ականներից մինչև մեր օրերը։ Թանգարանում պահպանվում է շուրջ չորս հազար ցուցանմուշ։

Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ