Խուճապի Վանք, Պրիվոլնոյե, Հայաստան

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Հայաստան

Խուճապի վանքը գտնվում է ՀՀ Լոռու մարզում՝ Լալվար լեռան անտառոտ լանջին, Պրիվոլնոյե գյուղի մոտակայքում: Թեև վանքային համալիրը թվագրվում է XIII դ., նրա ամենավաղ շինությունները կառուցվել են դեռևս IX-X դդ.: Այդ ժամանակ կառուցվել է վանքի ամենահին եկեղեցին, որն իրենից ներկայացնում է միանավ բազիլիկ կառույց:

Սկզբում Խուճապի վանքը հայադավան մենաստան էր, բայց Զաքարյանների օրոք (XIIIդ.) այն դարձավ քաղկեդոնիկ վանք: XIII դարում միանավ եկեղեցուց հյուսիս կառուցվել է վանքի գլխավոր եկեղեցին՝ զույգ մույթերով ուղղանկյուն գմբեթավոր դահլիճի տեսքով: Ութանիստ մույթերը միակտոր քարից են: Եկեղեցին կառուցված է սրբատաշ ֆելզիտից, ներսի պատերը երեսպատված են աղյուսով: Աբսիդի երկու կողմերում երկհարկանի ավանդատներ են: Հարավային ավանդատան պատերին պահպանվել են որմնանկարների հատվածներ: Եկեղեցին պսակում է 12 նիստերով գմբեթը: Թմբուկի ամեն մի նիստն ունի մեկ նեղ լուսամուտ: Եկեղեցին ունի երեք մուտք` արևմուտքից, հյուսիսից և հարավից: Հուշարձանն առանձնանում է իր հարուստ դեկորատիվ հարդարանքով:

Գլխավոր եկեղեցուն արևմուտքից կից է գավիթ-սրահը, իսկ հարավից և հյուսիսից` երկայնակի կամարապատ սրահներ: XIII դարում եկեղեցու շինարարության հետ մեկտեղ վերակառուցվել է նաև միանավ բազիլիկը: Վանքի տարածքում պահպանվել է միանավ եկեղեցուց հյուսիս գտնվող կիսավեր մատուռը, ինչպես նաև բնակելի և տնտեսական նշանակություն ունեցող որոշ շինությունների փլատակներ:

Հոդվածը Նատալիա Ղուկասյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ