Խորակերտի Վանք, Ջիլիզա, Հայաստան

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Հայաստան

Խորակերտի վանքը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Ջիլիզա գյուղից 3 կմ. արևմուտք, Լալվար լեռան անտառախիտ ստորոտին: Համալիրը բաղկացած է եկեղեցուց, գավթից, սեղանատնից (ներկայումս քանդված) և մատուռներից:

Վանքի գլխավոր եկեղեցին, համաձայն արևմտյան մուտքի ճակատի արձանագրությանը, կառուցել է Ստեփանոս իշխանը 1252 թ-ին: Այն արտաքուստ ուղղանկյուն է և ներքուստ խաչաձև: Անկյուններում են գտնվում նեղ ավանդատները, որոնք վերջանում են կիսակլոր որմնախորշերով: Եկեղեցին կառուցված է տարբեր երանգների դեղնավուն և կարմրավուն սրբատաշ ֆելզիտից: Ի տարբերություն նմանատիպ շինությունների, եկեղեցին ձգված է երկարությամբ, ինչը նրան մոտեցնում է հայկական գմբեթավոր բազիլիկների տիպին: Եկեղեցին երկու մուտք ունի` արևմուտքից և հարավից:

Եկեղեցու ներքին հարդարանքն առանձնանում է իր համեստությամբ, ինչի հետևանքով նրա գմբեթն ավելի շքեղ ու ինքնատիպ է թվում: Իր կառուցվածքով և գեղարվեստական ոճով եկեղեցու գմբեթն եզակի է հայկական և համաշխարհային ճարտարապետության մեջ: Տասանիստ գմբեթի ներքին մասը բաղկացած է երեսուն վեցանիստ սյուներից, որոնց խարիսխները և խոյակները քանդակազարդ են: Շնորհիվ այդ ճարտարապետական էլեմենտների, տպավորություն է ստեղծվում, թե գմբեթը ճախրում է երկնքում: Գմբեթը ներքուստ ոչ պակաս ինքնատիպ է: Այն հենվում է վեցաթև աստղի տեսքով հիմնակմախքի վրա:

Եկեղեցու գավիթը կառուցվել է 1257թ.: Այն քառակուսի դահլիճ է, որի ծածկը հենված էր 2 զույգ փոխհատվող կամարների կառուցվածքի վրա (քանդվել է 1965թ. երկրաշարժի հետևանքով), որոնց կենտրոնական մասը պսակված է եղել ութանիստ բրգաձև ծածկով: Այդպիսի ծածկը բնորոշ չէր ավանդական հայ ճարտարապետությանը:

Խորակերտի վանքի հյուսիս-արևմտյան մասում պահպանվել են սեղանատան փլատակները, երկու փոքրիկ մատուռներ և տապանաքարեր: Հյուսիսային պատի մոտ կանգնած է մեծ խաչքարը (XIII դ.): Վանքը շրջապատված էր պարիսպով, որից միայն ավերակներ են մնացել: 1661թ. վանքը վերանորոգվել էր:

Հոդվածը Նատալիա Ղուկասյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ