Կհաջուրահո Տաճարների Խումբ, Հնդկաստան

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Հնդկաստան

Զգուշացում: Այս հոդվածի նյութերը նախատեսված են միայն մեծահասակների համար:
Կամասուտրայի տաճարը, ինչպես այն հայտնի է ամբողջ աշխարհում. հենց այն են խորհուրդ տալիս տեսնել Հնդկաստան այցելած հյուրերին: Գոյություն ունի սխալ կարծիք, որ այս տաճարներն են խթանել հայտնի Կամասուտրայի՝ սիրո հանրագիտարանի ստեղծմանը:

10-րդ դարում Հնդկաստանում իշխում էր Չանդել արքայատոհմը: Նրանց կրոնական ու մշակութային մայրաքաղաքը Կհաջուրահո քաղաքն էր (ներկայիս մայրաքաղաք Նյու Դելիից 620 կմ դեպի հարավ): Սակայն արքայական ընտանիքն այստեղ չէր ապրում: Դրա մասին է վկայում մասնավորապես այն փաստը, որ քաղաքում նույնիսկ պաշտպանական կառույցներ չկան: Տաճարները կառուցվել են 950-1150թթ. միջև ընկած ժամանակահատվածում Չանդելների հրամանով: Սակայն շինարարության ավարտին Չանդելներն արդեն կորցրել էին իրենց երբեմնի հզորությունը: Քանի որ չեն պահպանվել գրավոր աղբյուրներ, այժմ անհայտ են ճարտարապետների, շինարարների անունները, ինչպես նաև նման քանդակներով տաճարները զարդարելու դրդապատճառները:

Տաճարները զբաղեցնում են 20 կմ2 տարածք: Ի սկզբանե կառուցվել է 85 տաճար, որից, սակայն, մնացել է 22-ը: Կհաջուրահո տաճարները կառուցված են ավազաքարից: Շինարարության ընթացքում չի օգտագործվել շաղախ. աղյուսները միացվել են իրար միայն բիզերով: Սյուներն ու մայթեզրերը կառուցվել են քարի ամբողջական կտորներից: Յուրաքանչյուր կտորի քաշը կազմում է մոտ 20 տոննա:

Հակառակ համընդհանուր համոզվածության՝ տաճարների քանդակները հիմնականում չեն պատկերում Կամասուտրայից հատվածներ: Դրանք ցուցադրում են հասարակ մահկանացուների ամենօրյա ապրելակերպը: Քանդակների միայն 10% է կրում էրոտիկ բնույթ: Սակայն նույնիսկ այդ փոքր քանակն այնքան զգայական է նկարագրում տարբեր, հաճախ անհավանական սեքսուալ բնույթի գործողություններ, որ արդարացված է նրա կոչումը՝ “Կամասուտրայի տաճար”: Տարբեր ժամանակաշրջաններում նրա մասին գրել են շատ ճանապարհորդներ, գիտնականներ. գրեթե բոլորն ապշած էին նման անկաշկանդությունից: Ամոթալի, վիրավորական, հեշտասեր, աննկարագրելի, արվեստի գործ. այս բոլոր բառերը վերագրվում են աշխարհի ամենաապշեցնող հրաշալիքներից մեկին:

Ինչքան էլ որ դժվար չէ դա պատկերացնել, բայց տաճարի պատերին կարելի է հանդիպել նաև “դաստիարակչական” բնույթի պատկերներ: Դրանցից մեկը ցուցադրում է ձիու հետ սեռական ակտ կատարող տղամարդու և մեկ այլ տղամարդու, ով գլուխը ծածկել է ձեռքերով նման ամոթալի տեսարանից: Աչքի է ընկնում այն փաստը, որ չնայած սեռական ակտի, սիրաբանությունների, մերկ կանանց բազմազան պատկերների առկայությանը, դրանք բացակայում են տաճարների ներսում: Ծագումնաբանները գտնում են, որ դրա իմաստը կայանում է հետևյալում. մարդկանց կոչ է արվում իրենց ֆիզիկական ցանկությունները թողնել տաճարի դռներից դուրս և մտնել այնտեղ «մաքուր»:

Չնայած նրան, որ բոլոր տեղացիները գիտեն, որ տաճարը ոչ մի կապ չունի սիրո գրքի հետ, դա չի խանգարում զբոսավարներին խորամանկ ժպիտը դեմքներին իմիջիայլոց նշել, որ տաճարների սկզբնական թիվը (85) մեկով ավել է Կամասուտրայում նկարագրված դիրքերի քանակից: Ւսկ 22 (տաճարների ներկայիս քանակը) սեռական ակտի դիրքերի մաքսիմալ քանակն է, որ կարելի է կիրառել մեկ գիշերվա ընթացքում: Իհարկե կարելի է ուսումնասիրել պատմությունն ու անհամապատասխանություններ գտնել թվերի, քանակների մեջ: Բայց կարծում եմ՝ այսպես շատ լավ է հնչում:

Կհաջուրահո տաճարները 1986թ-ից գրանցված են UNESCO–ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:

Հոդվածը Սոնա Գասպարյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ