Կեչառիս Վանքային Համալիր, Ծաղկաձոր, Հայաստան
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՀայաստանԿեչառիս վանքային համալիրը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում: Վանքը հիմնվեց XI դարում Պահլավունի իշխանների կողմից: Նրա շինարարությունը շարունակվեց մինչև XIII դարը: XII-XIII դարերում Կեչառիսը միջնադարյան Հայաստանի ամենախոշոր մշակութային և հոգևոր կենտրոններից էր:
Համալիրը իր մեջ ներառում է 4 եկեղեցի, գավիթ, 2 մատուռ և գերեզման: Համալիրի առաջին և գլխավոր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցեց Գրիգոր Մագիստրոս Պահլավունին: Համաձայն հարավային մուտքի վերևում պահպանված արձանագրությանը, եկեղեցին կառուցվել է 1033թ.: Հետագայում մի շարք պատմաբաններ ենթադրեցին, որ եկեղեցին կառուցվել էր ավելի վաղ, 1013թ., երբ դեռ ողջ էին արձանագրությունում հիշատակված հայոց թագավոր Գագիկ Ա Բագրատունին և կաթողիկոս Սարգիս Ա Սևանցին: Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գավիթը կառուցվեց 1196-1206թթ.: Եկեղեցու գմբեթը քանդվել է 1828թ. երկրաշարժի ժամանակ:
Գլխավոր եկեղեցուց հարավ, գտնվում է ոչ մեծ՝ Սուրբ Նշան գմբեթավոր եկեղեցին: Համաձայն պատմական տարեգրություններին, այս եկեղեցին նույնպես կառուցվել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունու կողմից 1051թ.: Կեչառիս վանքի երրորդ, Սբ.Կաթողիկե եկեղեցու կառուցման նախաձեռնողն է եղել իշխան Վասակ Խաղբակյանը: Ենթադրվում է, որ եկեղեցու ճարտարապետն է հանրաճանաչ Վեցիկը: Սբ. Կաթողիկե եկեղեցին աչքի է ընկնում իր բարդ ճարտարապետությամբ, գեղակազմ ուրվագծերով և նրբաճաշակ ներքին հարդարանքով: Սբ.Հարություն ուղղանկյուն եկեղեցին կառուցվել է 1220թ.: Այն ծառայել է որպես գերեզմանատուն եկեղեցու մի շարք առաջնորդների համար: Սբ.Գրիգոր Լուսավորիչ և Սբ. Նշան եկեղեցիների միջև գտնվող մատուռը (XIդ.), որտեղ թաղված է Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, մինչ մեր օրերս չի պահպանվել. նրանից միայն փլատակներ են մնացել:
Կեչառիս վանքի տարածքում թաղված են սելջուկների հետ ճակատամարտում նահատակված Պահլավունյաց տոհմից իշխան Գրիգոր Ապիրատյանը (1099թ.), Մեծ իշխան Պռոշը (1284թ.), ինչպես նաև ճարտարապետ Վեցիկը, որի հիշատակը հավերժացնում է նրա գերեզմանին կանգնեցրած մահարձան-խաչքարը:
Կեչառիս վանքի ամբողջ պատմության ընթացքում այստեղ մի քանի անգամ վերականգնողական աշխատանքներ են տարվել: Առաջին անգամ վանքի եկեղեցիները վերակառուցվեցին 1248թ. մոնղոլների արշավանքից հետո: 1947-49թթ. վերանորոգվեց շինությունների տանիքները, իսկ վանքի տարածքը պարսպապատվեց: 1990թթ. վերակառուցվեցին Սբ. Գրիգոր Լուսավորիչ և Սբ. Կաթողիկե եկեղեցիները: 2000թ. Կեչառիս վանքը նորից օծվեց: Այժմ վանքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ծառայում է որպես Կոտայքի թեմի Առաջնորդանիստ:
Հոդվածը Նատալիա Ղուկասյանի, www.building.am
Լուսանկարները՝ www.wikipedia.org