Կաչաղակաբերդ, Քոլատակ

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Հայաստան

Կաչաղակաբերդը (պատմ. Խաչենի բերդ) ժայռի վրա գտնվող ամրոց է: Նրա բարձրությունը ծովի մակերևույթից` 1706 մետր է.: Ամրոցը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանում, Քոլատակ գյուղի մոտակայքում: Բնության ստեղծած այս բերդը VIII դարում ամրապնդվել է Մեծառանք գավառի իշխանների կողմից` բնակչությունը արաբական զավթիչներից փրկելու համար: Կաչաղակաբերդի հյուսիսային, արևելյան և արևմտյան կողմերը կատարյալ հարթ ժայռեր են, որոնց բարձրությունը հասնում է մինչև 60 մետրի: Իշխանները պարզապես ամրացրել են քարերով և կրաշաղախով հարավային մասում գտնվող մուտքը: Ամրոցին հասնելու համար պետք է մագլցելով բարձրանալ ժայռերը:

Անձեռակերտ Կաչաղակաբերդ ամրոցը իր պատմության ողջ ընթացքում հաղթողի գթությանը չի հանձնվել: Պատմական աղբյուրներում ամրոցը հիշատակվում է որպես Խաչենի բերդ: Ամրոցը «Կաչաղակաբերդ» է կոչել ժողովուրդը, քանի որ միայն թռչունները կարող են նվաճել նրա բարձրունքները: Կաչաղակաբերդը բազմիցս անգամ ապաստան է տվել մոտակա գյուղերի բնակիչներին: Համաձայն հայ պատմաբան Մովսես Կաղանկատվացու, Սպրամ իշխանուհին ամուսնու մահից հետո իր դստեր հետ միասին, երկար ու դժվար ճանապարհ անցնելով ապաստան գտավ Կաչաղակաբերդում:

Ամրոցի բարեհաջող դիրքը կանխորոշեց նրա դերը և հետագայում: Կաչաղակաբերդը դարձավ Խաչենի մելիքության սղնախը (ապաստարան): Սղնախը համարվում էր այն վայրը, որտեղ պատերազմի ժամանակ թաքնվում էր խաղաղ բնակչությունը և հավաքվում զորքը:

Ամրոցի տարածքը բավականին մեծ է: Մինչև օրս պահպանվել են ամրոցի որոշ սրահները, ժայռերի մեջ փորած գաղտնամուտքերը և պահեստները, ինչպես նաև հրակնատները, որտեղից քարկոծում էին թշնամիներին: Խմելաջրի ապահովվման խնդիրը յուրահատուկ լուծում ուներ. ամրոցի կենտրոնում փորվել էր երկու ջրհոր, որտեղ հավաքվում էր անձրևաջրերն ու ձնհալը: Ժայռից, որտեղ գտնվում է Կաչաղակաբերդը, հիանալի տեսարան է բացվում դեպի անտառապատ սարերը և ներքևում հոսող Թարթառ գետը:

Հոդվածը Նատալիա Ղուկասյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ