Ինքնաթիռ Հյուրանոց, Ստոկհոլմ, Շվեդիա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Շվեդիա

Երբևէ տեսե՞լ եք թևավոր հյուրանոց: Այո, սա տարօրինակ հյուրանոց է՝ տեղակայված ինքնաթիռի հենց ներսում, որն, այնուամենայնիվ, արդեն չի ճախրում երկնային լազուրում: Եթե Դուք ինքնաթիռների և բնակելի հետաքրքիր տարածքների մեծ երկրպագու եք, Jumbo Stay Hotel ինքնաթիռ-հյուրանոցը լավագույն ընտրությունն է ձեզ համար: Այն փոխակերպված, ժամանակակից հյուրանոցային լուծումներ ստացած Boeing-747-200 օդանավ է, 1976 թ-ի արտադրության,որն իր վերջին վայրէջքն է կատարել Շվեդիայի Արլանդա օդանավակայանում: Հյուրանոց- օդանավի գաղափարը ծագել է շվեդ գործարարը Օսկար Դիոսի գլխում, որն արդեն փորձ ուներ Ուփսալայի (Շվեդիա) որոշ հյուրանոցներ կառավարելու գործում: Այն գտնվում է Արլանդա օդանավակայանի սերտ հարևանությամբ, Ստոկհոլմի կենտրոնից բավականին հեռու: Հյուրանոցն առաջարկում է 27 տարբեր սենյակներ, բոլորն իրենց սանհանգույցով: Սենյակների մակերեսը հիմնականում կազմում է մոտ 6քմ, իսկ բարձրությունը հատակից մինչև առաստաղ 3մ է: Այս եզակի հյուրանոցը նաև առաջարկում է երկու շքեղ սուիթներ: Երկհարկանի հյուրանոցն օժտված է բոլոր ժամանակակից հարմարություններով, այդ թվում՝ անվճար ինտերնետ, օդորակիչ, հեռուստացույց և օրաթերթի սպասարկում, անվճար նախաճաշ: Առկա է նաև սրճարան և լաունջ օդանավի հենց դիմաց, իսկ այս ամենի համատեղումն ապահովում է հյուրերի հարմարավետությունն ու իրենց իսկ հանգստի ամբողջովին բավարարվածությունը: Ձեզ դուր կգա այս թևավոր հյուրանոցը իր մատչելի գներով և գեղեցիկ ինտերյերով՝ ճերմակ, հանգիստ երանգների մեջ: Եթե դուք, լինելով Ստոկհոլմում, որոշել եք հյուրընկալել այս ինքնաթիռը, ապա նախապես այցելեք հյուրանոցի պաշտոնական կայքը և պատվիրեք ձեր նախընտրած սենյակը:

Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am

Լուսանկարները՝ www.freakyflier.wordpress.com


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ