Ժյուլի Անդրծովյա Հյուրանոցը, Ֆլորիդա, ԱՄՆ

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Ժյուլի Անդրծովյա Հյուրանոցը, Կի Լարգո, Ֆլորիդա, ԱՄՆ
Արքայադուստրը մի օր ասաց թագավորին.
-Սիրելի՛ հայրիկ, ես վերջապես կայացրել եմ իմ որոշումը. իմ սրտի ասպետը կլինի նա, ով ինձ կտանի դեպի անդրծովյա անեզր աշխարհ՝վայելելու ծովային կենդանիների անհամար բազմությունն ու բազմազանությունը: Ես ուզում եմ, որպեսզի մեր համատեղ կյանքի սկիզբը դրվի մի հեքիաթային դղյակում, որն ընկղմված կլինի ծովի հատակում՝շա՜տ-շա՜տ խորը, ուր իշխում է բացառապես պարզությունը, ազատությունն ու սեփական գիտակցության մաքրությունը, անաղարտ լազուրն ու եդեմական վայելքը:

Ցավոք, այս հեքիաթում հրաշքներ չկատարվեցին, և արքայադստեր երազանքը մնաց անիրական ու անհասանելի:

Սիրելի՛ օրիորդներ, մի՛ հուսահատվեք, դուք իսկապես կգտնեք ձեր երազանքի ասպետին, քանզի մեր օրերում, պարզվում է, հրաշքներ լինում են, և այն էլ ինչպիսի՜ հրաշքներ...

1986-ին ծովի մակարդակից 9 մետր խորության վրա բացվեց անզուգական ստորջրյա մի հյուրանոց՝ «Ժյուլի Անդրծովյա Հյուրանոցը» (Jules' Undersea Lodge), որը նախկինում ծառայել էր որպես ստորջրյա գիտահետազոտական լաբորատորիա: Ի դեպ, հյուրանոցը կրում է գիտա-ֆանտաստիկ գրականության հիմնադիրներից մեկի, ֆրանսիացի գրող Ժյուլ Գաբրիել Վեռնի անունը:

Իր յուրօրինակ դիզայնի, բացարձակ անվտանգության և բոլոր հարմարավետությունների շնորհիվ այս տեսարժան վայրը Միացյալ Նահանգների ամենաէկզոտիկ անկյուններից մեկի համբավն է ձեռք բերել: Հյուրանոցը, որի մակերեսը մոտ 56 քմ է, ցավոք, նախատեսված է մինչև 6 մարդու համար: Այն ունի երկու համարներ, որոնցից յուրաքանչյուրում կա ննջասենյակ, մի փոքրիկ մակույկ և մինի-ճաշասենյակ, ցնցուղ, օդորակիչներ, գրադարան, DVD նվագարկիչ, կաբելային հեռուստատեսություն ու հեռախոս: Դուք կարող եք ճաշել կամ ընթրել փոքրիկ ճաշասենյակում, եթե իհարկե հիշեք սնվելու մասին. չէ՞ որ ի վերջո ամենակարևորը հսկայական պատուհաններն են, որոնք Ձեզ կներկայանան անհամար ծովային արարածների գեղեցիկ տեսարանով: Պատուհանների միջին տրամագիծը մոտ 1մ է և նրանք պատված են ժամանակակից, հաստ ու ամուր ապակիներով՝ ընդունակ դիմակայելու ջրի ճնշմանը:

Ժյուլի անդրծովյա հյուրանոցն առավել օրիգինալ վայր է հարսանեկան հանդիսության համար շնաձկների, կատվաձկների, արևադարձային ձկների և այլ ջրային կենդանիների համակցությամբ, այդ թվում, ճաշակելով աշխարհի միակ ստորջրյա հարսանյաց տորթը:

Այնպես որ, պետք չէ լինել պրոֆեսիոնալ ջրասուզակ՝ այս յուրահատուկ հյուրանոց մուտք գործելու համար: Հասարա՛կ ռոմանտիկներ կամ պարզապես գեղեցիկը սիրողնե՛ր, օգտվե՛ք այս եզակի հնարավորության ընձեռած բոլոր անմոռաց պահերից: Համարի ամրագրման համար կարող եք այցելել այս ստորջրյա հյուրանոցի պաշտոնական կայքը www.jul.com :

Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am

Լուսանկարները՝ www.talashme.com


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ