Ժուանինի Գրադարան, Կոիմբրա, Պորտուգալիա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Պորտուգալիա

Աշխարհի ամենահին համալսարաններից մեկի՝ Կոիմբրայի համալսարանի Ժուանինի (Biblioteca Joanina) գրադարանը կարող էր իրավամբ համարվել ամենագեղեցիկ գրադարաններից մեկն աշխարհում։ Կոիմբրայի համալսարանը հիմնադրվել է 13-րդ դարում, 16-րդ դարի կեսին Լիսաբոնից տեղափոխել են Կոիմբրա։ Այս պատմական համալսարանը ներկա պահին այնքան վիթխարի է, որ նրա ուսանողների քանակը հասնում է մոտ 20 հազարի։ Կոիմբրայի համալսարանի ցանկացած մասնաշենք զարմացնում է իր գեղեցկությամբ։ Ներկայում համալսարանի մի մասն անգամ զբաղեցնում է հին թագավորական պալատի շենք, սակայն, անկասկած, Ժուանինի գրադարանի շենքը համալսարանական համալիրի մարգարիտն է։

Գրադարանի շենքը կառուցվել է 1717-ից մինչև 1728 թվականը, Պորտուգալիայի թագավոր Ժուան V-ի ջանքերով։ Գրադարանը, որը դարձավ Կոիմբրայի համալսարանի հնագույն գրքերի հավաքածուի ապաստարանը (մինչ այդ գրքերը տեղափոխվում էին մի մասնաշենքից մյուսը), անվանակոչեցին ի պատիվ թագավորի։ Ճակատագրի հեգնանքով շենքի ճարտարապետի անունը նույնպես Ժուան էր՝ Ժուան Կարվալյո Ֆերեյրա։

Շենքը կառուցվել է բարոկկոյի ոճով։ Այն համաչափ է, ունի զուգահեռանիստի ձև ։ Շենքն ունի խոշոր կամարաձև լուսամուտներ։ Գլխավոր մուտքը զարդարում են չորս բարձր սյուներ՝ երկուական բարձր դռների յուրաքանչյուր կողմից։ Դռները պատրաստված են հնդկակաղնուց, որպեսզի գրադարանի ներսում ապահովվի գրքերը լավագույնս պահելու համար անհրաժեշտ ջերմաստիճանը։ Այս հսկայական փայտե դռների միջով անցած այցելուի առջև բացվում է գրադարանի ներքին զարդարանքների շքեղությունը։ Ժուանինի գրադարանը իր ներքին գեղեցկությամբ չի զիջում եվրոպական ամենահարուստ թագավորությունների արքայական պալատներին։

Շենքն ունի երեք մեծ դահլիճ՝ կարմիր, կապույտ և դեղնականաչավուն, որոնք առանձնացված են դեկորատիվ կամարներով։ Գրադարանի դահլիճների պատերը ամբողջովին պատված են գեղեցիկ փայտե գրադարակներնով, որոնց վրա պահպանվում են ավելի քան 250 հազար գրքերի օրինակներ՝ հրատարակված նախքան 19-րդ հարյուրամյակի սկզբը: Գրադարակներն ու կահույքը պատրաստված են հազվագյուտ բնափայտից և ոսկեզօծված են։ Գրադարանի առաստաղը ծածկված է գեղեցիկ զարդանկարներով, որոնք ստեղծել են նկարիչ Անտոնիո Ռիբեյրո Սիմոէսը և ոսկեզօծող արհեստավոր Վիսենտե Նունյեսը։ Շենքի ներքին դեկորացիաներում կարելի է նկատել նաև չինական նրբերանգներ։ Չինական կերպարները, որոնք զարդարում են գրադարակները, ստեղծել է նկարիչ Մանուել դե Սիլվան, որն աշխատել է դրանց վրա մոտ երեք տարի։

Ժուանինի գրադարանը մեկն է Պորտուգալիայի կարևորագույն պատմական հուշարձաններից, բարոկկոյի ճարտարապետության զարմանահրաշ օրինակ և ազգային հպարտության առարկա։

Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ