Ցզին Մաո Աշտարակ, Շանհայ, Չինաստան

Բարձրությունը (Ճարտարապետական / Բնակելի)՝ 421 / 348 մՀարկեր՝ 88Դիտահարթակներ՝ 340.1 մ

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Չինաստան

Ցզին Մաո աշտարակի շինարարությունը սկսել է 1994 –ին և ավարտին հասցվել 1999-ին: Ավարտման տարում աշտարակը իր բարձրությամբ հանդիսանում էր չորրորդը աշխարհում զիջելով միայն Ուիլիսի աշտարակին (ավ. 1974թ. Չիկագո), 2001-ին ավերված Նյու Յորքյան Համաշխարհային առևտրային կենտրոնին ( ավ. 1971թ. Նյու Յորք) և մալազիական Պետրոնաս աշտարակներին (ավ. 1998թ. Կուալա Լումպուր): Շանհայում կառույցը առաջինն էր բարձրությամբ մինչև 2008 թվականը, երբ շահագործման հանձնվեց Շանհայի Համաշխարային Ֆինանսական Կենտրոնը: Շանհայի այցեքարտ հանդիսացող երկնաքերի անվանումը բառացիորեն թարգմանվում է ինչպես «Ոսկե բարգավաճման շենք»:

Ցզին Մաոի ճարտարապետության մեջ բացահայտ երևում է չինական «բաձմահարթակային» ոճը, և չնայած ահռելի բարձրությանը, աշտարակը բավականին նրբագեղ տեսք ունի: Քանի որ «բարգավաճումը և ծաղկումը» Չինաստանում սերտորեն կապված է 8 թվի հետ, ապա շենքի ճարտարապետության մեջ այն բազմաթիվ անգամ օգտագործվել է: Այսպես, աշտարակն ունի 88 բնակելի հարկ, ըստ բարձրության բաղկացած է 16 հատվածներից, որոնցից յուրաքանչյուրը 1/8 –ով ավելի կարճ է ներքևի հատվածից, ութանկյուն հիմք, ութ մեծ կոմպոզիտ և ութ պողպատե սյուներ և այլն... Անգամ Ցզին Մաոի հասցեն է հաջողակ՝ Հարյուրամյակի պողոտա 88 (88 Century Avenue).

Երկնաքերում տեղավորված են բազմաթիվ գրասենյակներ, իսկ վերին հարկերը՝ կախարդական ատրիումի շուրջ, զբաղեցրել է 5-աստղանի Grand Hyatt Shanghai հյուրանոցը: Շենքն ունի 3 մուտք՝ երկուսը գրասենյակների համար, իսկ մեկը՝ հյուրանոցի: Հյուրանոցին է պատկանում նաև առաջին 2 հարկերում տեղակայված հանդիսությունների և կոնֆերանս սրահները:

Ճարտարապետական և կառուցվածքների, ինչպես նաև ինժեներական համակարգերի նախագծերն իրականացրել է ամերիկյան անվանի Skidmore Owings & Merrill-ը: Կառուցվածքներում օգտագործվել են ինչպես երկաթբետոն, այնպես էլ մետաղական կառուցվածքներ: Ապակեպատ ճակատում նաև առկա են ալյումինե, գրանիտե և չժանգոտվող պողպատյա էլեմենտներ: Հողի վերին շերտերի թուլության պատճառով, կառույցի հիմքը տեղադրել են 83,5մ խորության հասնող 1062 պողպատյա ամուր սյուների վրա: Կառույցը հաշվարկված է դիմակայելու 200 կմ/ժամ արագությամբ փոթորիկների և 7 մագնիտուդից ավել երկրաշարժերի:

«Skywalk» դիտահարթակը գտնվում է 88-րդ հարկում և կարող է ընդունել ավելի քան 1000 հաճախորդ: Այս դիտահարթակի առանձնահատկությունը նա է, որ բացի Շանհայի հիանալի տեսարանների համայնապատկերից, այն հնարավորություն է տալիս վերևից նայել հյուրանոցի հիասքանչ ատրիումին: Երկնաքերի 89-93 հարկերը հանդիսանում են տեխնիկական և կողմնակի մարդկանց համար հասանելի չեն:


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ