Հրեական Թանգարան, Կրոյցբերգ, Բեռլին, Գերմանիա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Գերմանիա «Ճարտարապետությունը ոչ միայն ձևի և տեխնոլոգիաների միահյուսում է: Այն իր մեջ պարունակում է պատմություն: Յուրաքանչյուր շենք լինի այն գեղեցիկ, թե տգեղ ունի իր սեփական պատմությունը: Ճարտարապետությունը պետք է դառնա հաղորդակցման միջոց, այն կարծես հաղորդագրություն լինի ապագա սերունդներին, պատմություն` իր ժամանակի և տեղի յուրօրինակության մասին:»
Դանիել Լիբեսկինդ
Բազմաթիվ Բեռլինյան թաղամասեր իրենց վրա կրում են հրեական մշակույթի դրոշմը, իսկ ամենավառ և գլխավոր վկայությունը հանդիսանում է Հրեական թանգարանը (գեր. Jüdisches Museum) Կրոյցբերգում: Առաջին Հրեական թանգարանը հիմնադրվել էր 1933-ին` Հիտլերի իշխանության գլուխ գալուց մի քանի օր առաջ: Շենքը կառուցվեց բարոկկոյի ոճով, իսկ թանգարանը գործեց ընդամենը հինգ տարի ու փակվեց 1938-ին, նացիստական տիրապետության օրոք: Թանգարանի վերաբացման միտքն առաջացավ 1971-ին` Բեռլինում հրեական համայնքի 300- ամյակին, երբ մի հրեական մշակութային խումբ դրական որոշում կայացրեց:
1987-ին Գերմանական կառավարությունը անանուն մրցույթ է հայտարարում Հրեական թանգարանի ընդլայնման համար: 1988-ին բազմաթիվ հայտնի ճարտարապետներից հաղթող է ճանաչվում ազգությամբ հրեա Դանիել Լիբեսկինդը: Լիբեսկինդի աշխատանքները պատկանում են դեկոնստրուկտիվիզմի և պոստ-ստրուկտուրալիզմի ոճական ուղղություններին: Նրա աշխատանքներին բնորոշ են հստակ գծերը, սուր անկյուններն ու ժապավենաձև պատուհանները: Հրեական թանգարանի նոր շենքի ճարտարապետությունը շատ յուրահատուկ է, շատ անձնական և միաժամանակ ողբերգական ու ներդաշնակ: Լիբեսկինդի համար այս թանգարանի ընդլայնման նախագիծն ավելին էր քան մրցույթ, այն նպատակ ուներ հիմնելու և պահպանելու Բեռլինում հրեական պատմության ստույգությունը, որը կորսվել էր Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին:
Հրեական թանգարանի նորակառույց շենքը որպես այդպիսին մուտք չունի: Թանգարան կարելի է մտնել միայն հին թանգարանային շենքից, այնուհետև անցնել ստորգետնյա միջանցքով: Շենքը կոտրված գծի տեսք ունի, շատերն այն նմանեցնում են քանդված Դավիթի աստղին: Թանգարանի հատակն ունի թեքություն և այցելուներին ստիպում է կորցնել հավասարակշռությունը: Շենքում կենտրոնական դիրք է գրավում Հոլոքոստի աշտարակը, որը ոչ մեծ, փակ տարածություն է, բարձր սև պատերով և սակավ լուսավորությամբ: Երբ այցելուները ներս են մտնում դուռը փակվում է նրանց ետևից և նրանք հայտնվում են բետոնե տարածության մեջ, որտեղ լույսը թափանցում է միայն վերում գտնվող նեղ պատուհաններից: Լիբեսկինդն այս թանգարանը նախագծելիս նպատակ է ունեցել ոչ միայն ներկայացնել հրեաների բազմադարյան պատմությունը, այլ փորձել նախագծել այնպիսի ինտերիեր, որտեղ թեկուզ և չնչին չափով այցելուները կզգաին այն, ինչ Հոլոքոստի ժամանակ ապրել են հրեաները: Դրսում գտնվում է Աքսորի այգին, որտեղ կանգնած են 49 սյուներ, որոնցից 48-ը լցված են Բեռլինյան հողով և խորհրդանշում են Իսրաելի պետության ստեղծման տարեթիվը, իսկ 49-դը լցված է Սուրբ Երկրից բերված հողով:
Բեռլինի Հրեական թանգարանը շատերը համարում են ճարտարապետական հանճարի ստեղծագործություն: Այստեղ հավաքված են չորս հազար նմուշ, որոնք պատմում են Գերմանիայում հրեաների բազմադարյան պատմության մասին: Թանգարանի շինարարական աշխատանքներն ավարտվել են 1999-ին, բայց բացման արարողությունը տեղի է ունեցել 2001-ի սեպտեմբերի 9-ին` գերմանա-հրեական պատմության 2000 ամյակին:
Статью подготовила Рузанна Мкртчян, www.building.am
Photos by https://www.e-architect.co.uk