Ջամի Մզկիթ, Սպահան, Իրան

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Իրան

Մտնելով Սպահանի Ջամի մզկիթի (Masjid-e Jāmeh Isfahān) ներքին բակը, ես հասկացա, որ այս վայրը «Հազար ու մի գիշերների» երևակայական աշխարհի մի մասնիկն է։ Այստեղ հավանաբար գիշերները թռչում են Ջիները և զբոսնում Շահրազադեները։

Այս մզկիթը ամենամեծն է Սպահանում։ Այն նախատեսված է ուրբաթօրյա աղոթքների համար, այստեղից էլ նրա անվանումը՝ Ջամի (jāmeh արաբերենից թարգմանաբար նշանակում է ուրբաթ)։

Ջամի մզկիթը ավելի քան 12 հարյուրամյակների ընթացքում կանգնած է Սպահանի Մեծ շուկայից ոչ հեռու։ Այս մզկիթը Իրանի ամենահին մզկիթներից մեկն է։ Նրա շինարարությունը սկսվել է դեռևս 771 թվականին։ Իրանի շահերի տարբեր դինաստիաների ջանքերով հաջորդող 12 դարերի ընթացքում մզկիթը բազմիցս վերափոխվել և նորացվել է։ Այդ փոփոխությունների շնորհիվ, այն իրենից ներկայացնում է իրանական ճարտարապետության պատմության գեղեցիկ դասագիրք բաց երկնքի տակ։

Մզկիթը կառուցվել է զրադաշտական տաճարի տեղում։ Սկզբնապես այն կառուցվել է փայտից, սակայն աստիճանաբար փայտե կառուցվածքները փոխարինվել են քարե կառույցներով։ Կառուցված է այն դեմ հանդիման կանգնած «չորս այվանների» ոճով։ Այս ոճը բնորոշ էր Սասանյան Պարսկաստանի զրադաշտական ճարտարապետությանը։ Այս ոճով կառուցված առաջին մզկիթը՝ Ջամի մզկիթն է Սպահանում։ Ավելի ուշ ճարտարապետական այս ձևը տարածում է ստացել ողջ մահմեդական աշխարհում։

Մզկիթն ունի կամարներով զարդարված ընդարձակ ներքին բակ, որի կենտրոնում գտնվում է ծիսական լվացման համար նախատեսված շատրվան՝ Մեքքայի Քաաբայի շատրվանի ճշգրիտ կրկնօրինակը։

Սելջուկյանների ժամանակներում մզկիթին հավելվել են երկու մեծ գմբեթներ։ Հարավային գմբեթը ծառայում է որպես քիբլա (քիբլան ցույց է տալիս որտեղ է գտնվում Քաաբան, որի ուղղությամբ անհրաժեշտ է դեմքով կանգնել աղոթքի ժամանակ)։ Իր կառուցման ժամանակ այս գմբեթը ամենամեծն էր ողջ մահմեդական աշխարհում։ Հյուսիսային գմբեթը գտնվում է մզկիթի սահմաններից դուրս՝ նրա գործառույթը պարզ չէ. հավանաբար կառուցվել է երկու գմբեթների միջև տեսողական համաչափություն ստեղծելու նպատակով։ Մզկիթը ներքին բակի կողմից համարյա ամբողջովին զարդարված է լազուրե խճանկարներով։ Այս խճանկարների յուրաքանչյուր մասնիկ հիացնում է իր նրբագույն գեղեցկությամբ։

2012 թվականին մզկիթը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։

Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am

Լուսանկարները՝ islamic-arts.org


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ