Այ-Թի-Սի Կանաչ Տեխ. Կենտրոն, Հնդկաստան
Ի՞նչ է LEED ՀավաստագրումըԱյ-Թի-Սի Կանաչ Տեխնոլոգիաների Կենտրոն, Գուրգաոն, Հնդկաստան
Գուրգաոնի (Հարյանա) Կանաչ տեխնոլոգիաների կենտրոնի սեփականատերը «Այ-Թի-Սի Լիմիթիդ»-ն է` Հնդկաստանի ամենահայտնի ընկերություններից մեկը: Շենքը նախագծել է «Ռաջենդեր Կումար ընդ Ըսոշիիթս» (Rajender Kumar and Associates) ճարտարապետական ընկերությունը: Հատակի ընդհանուր մակերեսը մոտ 15 000 քառակուսի մետր է: Այն աշխարհի ամենամեծ ոչ կոմերցիոն «կանաչ» շենքն է: 2004 թվականին Լ տառ հիշեցնող շենքն արժանացավ LEED պլատինե հավաստագրման: Այստեղ գործում է էկոլոգիապես մաքուր շենքերին հատուկ երեք կարևորագույն տարրեր` կրճատում, կրկնակի օգտագործում և վերամշակում: Նույն ծավալի այլ շենքերի համեմատ` ածխածնի երկօքսիդի արտանետումներն այստեղ 30 տոկոսով քիչ են: Անձրևաջրերը հավաքվում և օգտագործվում են շենքը շրջապատող տեղական բույսերն ու մարգագետինները ոռոգելու համար: Ջրի խնայման տեխնոլոգիան ներառում է անջուր զուգարանների, կրկնակի հոսքով համակարգերի և թույլ հոսքով ցնցուղների օգտագործում:
Ըստ ոլորտի մասնագետների` Այ-Թի-Սի Կանաչ տեխնոլոգիաների կենտրոնը «Կանաչ» մտածողության մարմնավորումն է: Կառուցման ընթացքում օգտագործվել են միայն տեղական նյութեր: Բացի այդ, շինանյութի տասը տոկոսը վերամշակվել է: Նույնիսկ գորգերը գործված են վերամշակված թելից: Շենքի կառուցվածքի և կրկնակի ապակեպատ պատուհանների շնորհիվ բնական լույսը միշտ կենտրոնական հատվածում է: Բարձր առաստաղներն ապահովում են օդի բարձր որակ: Ածխածնի երկօքսիդի մակարդակը ստուգվում է ներգին վերահսկողական համակարգերով:
Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի , www.building.am