Սառցե Հյուրանոց, Լապլանդիա, Շվեդիա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Շվեդիա

Սառցե Հյուրանոց, Յուկկասյարվի, Լապլանդիա, Շվեդիա
Թող երկրագնդի բոլոր ձմեռները գան ու չգնան այստեղից... Էլ գարնան գալու մասին խոսք անգամ լսել չեմ ուզում, քանզի ձմեռն այստեղ պարզապես իր զարթոնքի մեջ է, բոլոր առասպելներից շունչ առած ու իր գեղեցկության գագաթնակետում վեհորեն կանգնած:

Չզարմանալ իսկապես չես կարող: Չնայած մի շարք տաղանդավոր ճարտարապետ-քանդակագործներ, իրենց մտքերն ու երևակայականը միաձուլելով, դժվար թե անհաջող արդյունք ստանային: Բայց պատկերացնու՞մ եք, որքան դժվարությամբ են նրանք ստանում մեզ համար արդեն կատարյալ արվեստի կատարյալ նմուշն այս՝ հատկապես գիտակցելով, որ այն ժամանակավոր է և հաջորդ տարի պետք են նոր և ավելի չքնաղագեղ մտահղացումներ:

Ինչևէ, ցանկացած ձմեռ կարող եք այցելել Շվեդիայի Լապլանդիա քաղաքի Յուկկասյարվի գյուղը, և համոզված եղեք, տեսնելու ու զմայլվելու բան միանգամայն կգտնեք: Դեռևս 1990-ից Յուկկասյարվին սառույցի վրա փորագրությամբ (կարվինգ) զբաղվելու հայտնի վայր է եղել ի դեմս առաջին վերոնշյալ ցուցահանդեսի կազմակերպիչ, ֆրանսիացի նկարիչ Ժան Դերին: Հյուրանոցի հիմնական շինանյութը սառույցն ու ձյունն է, որի գլխավոր աղբյուրը մոտակա Տորնիո գետն է: Այստեղից էլ տոննաներով (մոտ 40.000 տոննա) հայթայթվում է «ամենաբնական ճերմակության շինանյութը»: Հիմնական սյուները մետաղյա են, որոնց վրա ձյուն է փչվում՝ կերտելով հսկայական և կարծր սառցե հենասյուներ: Այնպես որ սառցե դղյակի ամրության վրա կասկածելու կարիք չկա: Շինարարական աշխատանքները ձգվում են նվազագույնը մեկ ամիս, որից հետո ցանկացողները հնարավորություն են ունենում վայելել իրենց «սառցե հանգիստը» 60 սենյակներից ցանկացած մեկում: Իսկ հոգևոր սնունդը կարելի է լրացնել, օրինակ, այցելելով սառցե եկեղեցի: Սառցե բարն ու այլ հետաքրքիր վայրերը նույնպես Ձեր տրամադրության տակ են: Հյուրանոցում բնակվելու արժեքը բավականին թանկ է և սկսվում է $460-ից մեկ գիշերվա համար:

Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ