Հունգարական Պետական Օպերայի Թատրոն

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Հունգարիա

Հունգարական Պետական Օպերայի Թատրոն, Բուդապեշտ, Հունգարիա

Բուդապեշտ այցելած յուրաքանչյուր մարդու բախտ է վիճակվում առնվազն մեկ անգամ զբոսնել Անդրաշի պողատայով, որը հայտնի է որպես թանկարժեք խանութների և ժամանակակից սրճարանների փողոց: Չնայած Անդրաշի պողոտայում տիրող այդ ժամանակակից մթնոլորտին՝ փողոցի շենքերից մեկը առանձնանում է մյուսներից իր «հնաոճ» ճարտարապետությամբ: Այդ շենքի շեմն արդեն իսկ յուրօրինակ է. Դեպի մուտք տանող ճանապարհը կառքի համար նախատեսված սալապատիկ նեղ անցում ունի, ինչն արդեն իսկ ստիպում է զգալ 19րդ դարի շունչը:

Այս ինքնատիպ շենքը Հունգարական պետական օպերայի թատրոնի շենքն է (Magyar ÁllamiOperaház), որը կառուցվել է 1875-1884 թվականներին ճարտարապետ Միկլոշ Իբլի նախագծով: Այս շինությունը, որը հաճախ համեմատվում է Փարիզի Գարնյե օպերային թատրոնի հետ, կառուցվել է նեո-ռենեսանս ոճի մեջ՝ բարոկկոյի որոշ տարրերով: Շենքը զարդարված է բազմաթիվ նկարներով, քանդակներով և զարդանախշերով: Ներսում առանձնահատուկ ուշադրություն է գրավում 3000 կիլոգրամից ավել քաշով հսկայական ջահը, որը զարդարում է գլխավոր դահլիճի առաստաղը: Ջահի շուրջ, առաստաղի վրա, պատկերված են տարբեր տեսարաններ հին հունական աստվածների կյանքը պատկերող առասպելներից: Հին հունական առասպելաբանությունից դրվագների կարելի է հանդիպել նաև շենքի նախասրահում, որտեղ պատերին նկարված են 9 մուսաները:

Շենքն ունի մեծ կենտրոնական սանդուղք, որը 19րդ դարի օպերային թատրոնների համար պարտադիր պարագա էր, քանզի այն հնարավորություն էր ընձեռում թատրոն այցելող հարուստ կանանց ցուցադրել իրենց շքեղ հագուստները: Շենքի գլխավոր սրահը պայտաձև է և ունի հիանալի ակուստիկա: Չնայած իր փոքր չափերին՝ այս օպերային թատրոնը դասվում է աշխարհի լավագույնների շարքին շնորհիվ իր բարձրորակ ակուստիկայի:

Իրականում Հունգարական օպերային թատրոնը տպավորվում է առաջին հերթին ոչ միայն իր յուրօրինակ գեղեցկությամբ, այլև այն հակադրությամբ, որն առկա է նրա և Անդրաշի պողոտայի ընդհանուր մթնոլորտի միջև: Այս ժամանակակից պողոտայից եկող 21րդ դարի շունչը կարծես հասել է միայն օպերայի շենքի տեխնիկական սարքավորանքին, իսկ մնացած ամեն ինչ այս շենքում հիշեցնում է Ավստրո-հունգարական կայսրության ժամանակները:

Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ