Հունգարական Պառլամենտի Շենքը, Բուդապեշտ
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՀունգարիաՀունգարական Պառլամենտի Շենքը, Բուդապեշտ, Հունգարիա
Սակավաթիվ շինություններ են ունակ հավասարապես գեղեցիկ լինել, թե լավ եղանակին և թե վատ, կամ հիացնել դիտողի աչքը, թե արեգակի ճառագայթների ներքո, և թե մթության քողի տակ: Հունգարիայի խորհրդարանի շենքը, շնորհիվ իր յուրօրինակ գեղեցկության և ճիշտ ընտրված դիրքի, պատկանում է այդ սակավաթիվ շենքերի թվին: Այս հիասքանչ կառույցը գտնվում է Բուդապեշտ քաղաքի սրտում՝ անմիջապես Դանուբ գետի ափին: Դանուբը Բուդապեշտը բաժանում է երկու հիմանական մասերի՝ Պեշտի և Բուդայի: Պարլամենտի շենքը գտնվում է Պեշտում՝ երկու՝ Մարգարեթ և Շղթայաձև կամուրջներից գրեթե հավասար հեռավորության վրա: Շնորհիվ նմանօրինակ դիրքի՝ այս շինությունը հիասքանչ երևում է, թե Դանուբի հակառակ ափից և թե երկու կամուրջներից:
Պառլամենտի շենքի կառուցման մասին որոշումը Հունգարիան ընդունել է 1880 թվականին՝ մեկ քաղաքային միավորի՝ Բուդապեշտի ստեղծումից՝ երեք տարբեր քաղաքների (Բուդա, Պեշտ և Օբուդա) միաձուլումից 7 տարի անց: Նախատեսված էր, որ պառլամենտի շենքը պետք է լիներ Հունգարիայի անկախության խորհրդանիշը: Շենքի համար նախագիծ ընտրելու նպատակով կազմակերպվել է միջազգային ճարտարապետական մրցույթ, որի հաղթողն է ճանաչվել հունգարացի ճարտարապետ Իմրե Շտեյնդլը: Պառլամենտի շենքի կառուցումը տևել է մոտ 10 տարի՝ 1885 թվականից մինչև 1904-ը: Շտեյնդլը, նախքան շինարարական աշխատանքների ավարտը, ցավոք, կուրանում է և կարճ ժամանակ անց մահանում, 1902 թվականին՝ այդպես էլ չտեսնելով իր ստեղծած գլուխգործոցը, որն անկասկած նրա նախագծված լավագույն շինությունն է:
Հունգարական պառլամենտի շենքը Բուդապեշտի ամենամեծ կառույցն է: Դրա երկարությունը 268 մետր է, իսկ լայնությունը՝ 123: Դրսից շենքը սպիտակ է՝ կարմիր գմբեթներով, իսկ ներսում գերակայում են կարմիրն ու ոսկեգույնը: Շենքի հարդարման համար օգտագործվել են բազմաթիվ թանկարժեք քարեր և ավելի քան 40 կիլոգրամ ոսկի: Կառույցը սիմետրիկ կառուցվածք ունի, ինչի շնորհիվ դրա երկու՝ աջ և ձախ կողմերում գտնվում են երկու մեծ՝ հավասարաչափ դահիճներ: Դրանցից մեկում ընթանում են խորհրդարանական նիստերը, իսկ մյուսը - բաց է այցելուների համար: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շենքի կենտրոնական գլխավոր գմբեթի վրա տեղադրվել է կարմիր կոմունիստական աստղ, որը ԽՍՀՄ անկումից հետո հեռացվել է:
2000-ից շենքում ցուցադրվում է Հունգարական միապետության խորհրդանիշը՝ Հունգարական թագավորության հիմնադիր Իշտվան Առաջինի (թագավորել է 1000-1038 թթ.) թագը:
Պառլամենտի շենքը արտաքինից բավականին «փխրուն» և նուրբ տեսք ունի, ինչը իրականությունից հեռու չէ: Շենքի տարբեր մասերը շարունակաբար վերանորոգման կարիք են զգում, և վերականգնողական աշխատանքները գրեթե երբեք չեն դադարում: Իր այդ նրբության շնորհիվ էլ այս հիասքանչ կառույցը, չնայած իր հսկայական չափերին հիշեցնում է հեքիաթային դղյակ, իսկ գիշերվա մթության մեջ այն գերում է մարդու հայացքը իր գեղեցիկ լուսավորության շնորհիվ:
Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am