Հովհաննավանք, Հայաստան

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Հայաստան

Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում, Քասաղ գետի գեղատեսիլ կիրճի եզրին է կանգնած Հովհաննավանքը։ Նրա ներդաշնակ ուրվագիծը հստակորեն առանձնանում է Արագածի փեշերի ֆոնին: Վանքի գեղեցկությունը ընդգծվում է շրջապատի ռելիեֆի հաջողակ օգտագործմամբ. համեստորեն զարդարված արևելյան պատը սահունորեն շարունակում է քարքարոտ գետահովիտը:
Հովհաննավանքի տեղում գտնվում էր հին եկեղեցի (IVդ.), որի ավերակները մինչ օրս պահպանվել են վանքի տարածքում: Համալիրի հնագույն կառույցը Vդ. կառուցված միանավ բազիլիկն է։ Հյուսիսից բազիլիկին հարում են առաջին քրիստոնյաների եկեղեցու ավերակները (IVդ.), որը ամենայն հավանականությամբ կառուցվել էր հեթանոսական տաճարի փոխարեն:
XIIIդ. իշխան Վաչե Վաչուտյանի հրամանով միանավ եկեղեցուն կից, հարավային կողմից կառուցվել է վանքի գլխավոր եկեղեցին (1216-21թթ.), իսկ ավելի ուշ, նրա որդի Քուրդ իշխանը, երկու եկեղեցիներին կից, արևմտյան կողմից կառուցել է տվել գավիթ (շինարարությունն ավարտվել է 1250թ-ին)։ Եկեղեցուն արևմտյան կողմից կից է լայնարձակ գավիթը, որի կենտրոնական մասը պսակված է երդիկավոր, 12-նիստանի զանգակատուն-ռոտոնդայով, որի տրամագիծն է 6,5մ և ամենամեծն է Հայաստանի այլ նմանատիպ կառույցների մեջ: Հետաքրքիր և յուրօրինակ է մշակված գավթի հատկապես արևմտյան ճակատը։ Ուշագրավ է նաև եկեղեցու արևմտյան մուտքի հարդարանքը, այն երիզված է ութանկյուն հյուսկեն զարդաքանդակներով, իսկ ճակատակալ քարին, բուսական զարդաքանդակներով ծածկված ամբողջական ֆոնի վրա պատկերված է «Իմաստուն և հիմար կույսերի» առակի բովանդակությունը։
Հովհաննավանքի գրչության կենտրոնը Այրարատյան աշխարհի հնագույն մշակութային կենտրոններից էր։ XVIդ. վերջերից Հովհաննավանքի դպրոցում ուսումնասիրել են նաև տոմարական արվեստ, փիլիսոփայություն և երաժշտություն։ Հովհաննավանքից մեզ հասած շուրջ 20 ձեռագիր պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։
Օհանավան գյուղում և շրջակայքում պահպանվել են կիկլոպյան ամրոց (մ.թ.ա. II-I հազարամյակ), գյուղատեղի, կոթող (VIIդ.), միաբանության բնակելի շենքեր (XVII-XVIIIդդ.), խաչքարերով գերեզմանոցներ (IX-XVIIդդ.)։
Խորանի աջ կողմում գտնվող ավանդատնից գաղտնուղի է իջնում Քասաղ գետի ձորը: Երբ թշնամին շրջապատել էր գյուղը, բնակչությունը հավաքվեց վանքի բակում և խնդրեց, որ նրան թույլ տան աղոթել մահից առաջ: Բռնակալը համաձայնվեց: Մարդիկ հերթով մտնում էին եկեղեցի և գաղտնուղով դուրս գալիս ձորը, փրկվելով անխուսափելի մահից:Դարեր անց պապերը իրենց թոռներին պատմում էին մի գեղեցիկ լեգենդ: (http://www.findarmenia.com)


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ