Գիտնականների Տուն, Լվով, Ուկրաինա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՈւկրաինաԼվովի ամենահայտնի շենքերի ցանկում կա մեկը, որն այսօր հայտնի է Գիտնականների տուն անվան տակ (Будинок вчених ): Այս շենքը, որը պատկանում է Լվովի Տարածաշրջանային գիտության և կրթության ոլորտում աշխատողների արհմիությանը, գտնվում է Լիստոպադովովո Չին փողոցի վրա: Այստեղ անց են կացվում Լվովի ամենամյա պարահանդեսները, ֆիլմեր են նկարահանվում, կոնֆերանսներ և սեմինարներ են կազմակերպվում, սակայն այս շենքը միշտ չէ, որ նման անմեղ նպատակների համար է ծառայել:
Շենքը կառուցվել է 1897-98 թվականներին հայտնի ավստրիացի ճարտարապետներ Հերման Հելմերի և Ֆերդինանդ Ֆելների նախագծի հիման վրա: Ի սկզբանե, շենքը նախատեսված էր որպես խաղասրահ և հասարակաց տուն: Շենքի նախնական անվանումը Գերխարդի կազինո էր: Այս անվանումը մինչ օրս էլ բավականին տարածված է Լվովի բնակիչների շրջանում:
Շենքը նեո-բարոկկո ոճով է կառուցված: Դրսից այն ուշադրություն է գրավում խոշոր փայտե դռան շնորհիվ, որի կողքերից երկու երիտասարդ ատլանտներ իրենց ձեռքերի վրա են պահում երկրորդ հարկի պատշգամբը: Ճակատամասի անսովոր զարդանախշը հիշեցնում է բազմաթիվ փոքրիկ ֆալոսներ, որոնք, ըստ քաղաքի բնակիչների, ստեղծվել են, որպեսզի խորհրդանշեն այս հաստատության այցելուների մեծ թվաքանակը:
Շենքը ներսից ճոխ և ինքնատիպ գեղեցկություն ունի: Առանձնահատուկ ուշադրություն է գրավում մեծ փայտե փորագրիր աստիճանը, որտեղ նկարահանվել է “Դարտանյանը և երեք հրացանակիրները” ֆիլմի դրվագներից մեկը:
Աստիճանների վերևում տանիքը կլոր և ապակյա է, ինչի շնորհիվ սանդուղքը հետաքրքիր բնական լուսավորություն ունի: Շենքն ունի մի քանի ընդարձակ դահլիճներ, որոնք զարդարված են հնաոճ կահույքով, նրբաքանդակներով, մետաքսյա պաստառներով և շքեղ կախովի ջահերով: Շենքում կա նաև փայտե կահույքով զարդարված գեղեցիկ գրադարան:
Անցած դարի ընթացքում կառույցը ծառայել է որպես հասարակաց տուն, խաղասրահ, նացիստական ճամբարներ աքսորվողների կետ, նախընտրական շտաբ և այլն, սակայն չնայած այդ բուռն շահագործման` այսօր այն պահպանել է իր նախնական տեսքը թե դրսից և թե ներսից:
Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am
Լուսանկարները՝ www.commons.wikimedia.org