Հյուրանոց-Բանտ Ալկատրազ, Գերմանիա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ԳերմանիաՀյուրանոց-Բանտ Ալկատրազ, Կայզերսլաուտերն, Գերմանիա
Ալկատրազ անվանումը մեզանից շատերին հայտնի է Սան-ֆրանցիսկոյի մոտ, համանուն կղզում գտնվող, մեծ համբավ ունեցող բանտով, ուր ազատազրկման էր դատապարտված հանրահայտ գանգստեր Ալ Կապոնեն: Իսկ եթե ուզում եք քիչ թե շատ մտնել նրա դերի մեջ, դառնալ ձեր ժամանակների «Կնքահայրը», հանցանք գործելու կարիք չկա. պարզապես այցելե՛ք Գերմանիայում գտնվող Կայզերսլաուտերնի «Ալկատրազ» հյուրանոց-բանտը: Սակայն մի՛ անհանգստացեք, դուք հնարավորություն ունեք այստեղից դուրս գալ մաքուր օդ շնչելու երբ որ ցանկանաք...
Իմ կարծիքով, այս նախագիծն առաջին իսկ հայացքից մի քիչ խենթ է ու անըմբռնելի, բայց այն լիովին կարողացավ արդարացնել ընկերության սեփականատերերի սպասելիքները: Իհարկե, նախկին կալանավորները չեն ցանկանա անցկացնել այստեղ անգամ մեկ օր, իսկ մյուսները՝ նոր արկածների փնտրտուքների դեգերումների մեջ, ընտրում են հենց այս անսովոր հյուրանոցը՝ կազմակերպելու իրենց արտասովոր հանգիստը:
Այս կառույցն իրականում նախկին բանտ է, որը փոխակերպվել է ժամանակակից հյուրանոցի՝ առաջարկելով ինչպես բանտախուց ոճի, այնպես էլ սովորական սենյակներ: Այն բացվել է 2007 թվականի մայիսին, սակայն նախկին գաղութը գոյություն է ունեցել դեռևս 1867թ-ից: 56 սենյակներն առաջարկում է բոլոր ժամանակակից հարմարությունները, այդ թվում նաև անվճար անլար ինտերնետի հնարավորություն և կաբելային հեռուստատեսություն: «Բանտային» համարների լվացարանը ու զուգարանը գտնվում են հենց սենյակում: Ձեզ հիանալի հնարավորություն է ընձեռնվում քնել իրական բանտային մահճակալների վրա դատապարտյալի գիշերազգեստով, որի վրա դաջվում է ձեր իսկ անունը,ինչպես նաև վայելել նախաճաշը՝մատուցված իրական բանտային դռան պատուհանից: Այս ամենը բանտի իրական տպավորություն է թողնում: Իսկ եթե նախընտրում եք ավելի ավանդական ոճի սենյակներ, կարող եք ընտրել սովորական կամ ավելի շքեղ համարներ սեփական լոգարանով: Հյուրանոցը նաև ունի վերելակ, բար, սրճարան, լվացքի և չոր մաքրման ծառայություններ: Ձեր ընտրությունն ազատ է որոշելու, թե ինչ եք ուզում՝ «Կոմֆորտ համարներ», «Շքեղ համարներ» կամ «Բանտախուց-սենյակներ»:
Թեև «բանտային» կոնցեպցիան մի փոքր սարսափ է ներշնչում, այնուամենայնիվ պետք է խոստովանել, որ հյուրանոցը շատ հաճելի է ու գրավիչ, հատկապես իր աներևակայելի բարյացակամ աշխատակիցներով հանդերձ:
Համարների նախնական ամրագրման համար կարող եք այցելել հյուրանոցի պաշտոնական կայքը հետևյալ հասցեով www.alcatraz-hotel.com :
Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am
Լուսանկարները՝ www.terra-z.ru